Իրանը ծրագրում է Հայաստան գազի արտահանման ծավալն ավելացնել 5 անգամ
ЭКОНОМИКАԷլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության շրջանակում Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացնել 5 անգամ: Mehr գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին:
«Նույնիսկ Իրանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի հիման վրա հնարավոր է ավելացնել գազի մատակարարումմները՝ օրական մինչեւ 5 մլն խ.մ.»,- նշել է Քամելին՝ հավելելով, էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարությունը կարող է իրանական գազի մատակարարման ավելացման առանցքային գործոն դառնալ:
Ներկայում Իրանն օրական շուրջ 1 մլն խ.մ. գազ է մատակարարում Հայաստանին:
2015 թվականի օգոստոսին Իրանն ու Հայաստանն էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման մասին համաձայնագիր կնքեցին: 107 մլն եվրո արժողությամբ պայմանագիրը ենթադրում է 275 կմ երկարությամբ ԷՀԳ-ն կառուցել 2 տարվա ընթացքում:
Իրանական կողմից ստացվող գազը Հայաստանում էլեկտրաէներգիա է դառնում եւ վերադառնում Իրան: Մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականին Իրանից Հայաստան 383 մլն խ.մ. գազ է ներկրվել: