Մերկելը նշել է միջազգային հանրության գլխավոր սպառնալիքները
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G 7 ղեկավարների հանդիպումից առաջ նշել է միջազգային հանրության գլխավոր սպառնալիքները։
Globe and Mail-ում հրապարակած հեղինակային հոդվածում Մերկելը նշում է, որ Մեծ յոթնյակը անհանգստանում է ոչ միայն իր անդամների բարգավաճման եւ տնտեսական կայունության համար, այլ նաեւ ընդհանուր արժեքների պահպանման համար՝ ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պահպանում։ «Մի՞թե կարելի էր սպասել, որ Սառը պատերազմից 25 տարի անց Ղրիմի անեքսիան Եվրոպայում պետք է խախտի կարգուկանոնը։ Կամ որ Էբոլայի վիրուսը կարող է կանգնեցնել աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր Արեւելքում իսլամական ահաբեկչական կազմակերպությունը փորձելու է խալիֆայություն հաստատել 2 պետության տարածքում»,- գրել է Մերկելը։
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Գերմանիայի կանցլերը այդուհանդերձ նշել է, որ G7 հանդիպման ժամանակ քննարկվելու են այլ հարցեր, որոնք չեն վերաբերում ճգնաժամային դիվանագիտությանը։ Մասնավորապես հանդիպմանը պլանավորվում է քննարկել ստեղծված տնտեսական վիճակը։
G 8 ձեւաչափը (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա) դադարեց գոյություն ունենալ 2014թ. մարտին՝ այն բանից հետո, երբ այնտեղից դուրս եկավ Ռուսաստանը։
G 7 ձեւաչափով առաջիկա հանդիպումը կկայանա Բավարիայի Էլմաու ամրոցում հունիսի 7-8-ը։



