Ադրբեջանում բանկերին պարտատերերի թիվը հասել է 2,5 մլն մարդու
ЭКОНОМИКАԱդրբեջանում 2015 թվականին վարկային կազմակերպություններից պարտք վերցրած անձանց ընդհանուր թիվը 229 հազար184 մարդով ավելացել է եւ կազմել 2 մլն 545 հազար 724 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է marja.az լրատվական կայքը` հղում կատարելով Կենտրոնացված վարկային ռեեստրին:
Նշվում է, որ անցյալ տարի պարտք վերցրած ընկերությունների թիվը հասել է 11 հազար 279-ի: 2015 թվականին պարտք վերցրած ձեռնարկատիրական սուբյեկտների թիվը կազմել է 240 հազար 29, երաշխավոր անձանց թիվը` 1 մլն 216 հազար 29-ի:
Կայքը հայտնել է, որ նավթի գնանկման եւ մանաթի փոխարժեքի երկու անգամ արժեզրկվելու պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում միայն դեկտեմբերին վճարման ժամկետն անցած խնդրահարույց վարկերը 278,9 մլն մանաթով աճել են:
Ադրբեջանի բանկային հատվածը փլուզման է ենթարկվել: Ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է: