Մայքլ Հովհաննիսյանը դարձել է ճկասուսեր մրցաձեւի Հայաստանի չեմպիոն
СПОРТԵրեւանում փետրվարի 11-ին մեկնարկած սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության առաջին օրը մարզիկները ելույթ են ունեցել ճկասուսեր ձեւում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, ճկասուսեր ձեւում մասնակցել են 32 մարզիկ: Հայա ստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմեն Դալաքյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Հայկ Բարսեղյանն ու Հենրիկ Բալիկյանը:
Այս ձեւում կանայք կմրցեն փետրվարի 13-ին: Առաջնության մասնակիցները ուժերը կչափեն եւս երկու մրցաձևերում՝ թրասուսեր եւ խոցասուսեր: Փետրվարի 12-ին կկայանա խոցասուսեր մրցաձեւի տղամարդկանց եւ կանանց մրցելույթը:
Հայաստտանի առաջնությանը մասնակցում է ավելի քան 100 մարզիկ Երեւանից, Բյուրեղավանից, Գյումրիից եւ Վանաձորից: Առաջնության արդյունքների հիման վրա կձեւավորվի ՀՀ հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Ա. Մադոյանի տեղեկացմամբ, Մայքլ Հովհաննիսյանն առաջինն է, ով ապահովել է իր տեղը սուսերամարտի Հայաստանի հավաքականում: