Այնպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում՝ գիտեք ինչ. Նարեկ Կարապետյան
ПОЛИТИКА«Պատկերացնենք մի Հայաստան, որտեղ ամեն օր չենք լսում հայերի՝ միմյանց հանդեպ հակասությունների մասին, մի Հայաստան, որտեղ մոռացել են պատերազմների մասին, մի Հայաստան, որտեղ մեր հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, համերաշխ է, մի Հայաստան, որտեղ հաղթահարել ենք աղքատությունը, և մարդն իր աշխատանքով կարողանում է արժանապատիվ ապահովել իր ընտանիքին. «Մեր ձևով» շարժման 2025 թվականի հաշվետու ժողովին իր ելույթում ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այդ Հայաստանին հասնելու համար կա մեկ կարևոր պայման՝ միավորվելը։
Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ շարժման մասին հայտարարվել է վեց ամիս առաջ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այդ ժամանակահատվածում, նրա խոսքով, շարժմանը միացել է շուրջ 15 000 կամավոր։
«Կարող եմ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է, և կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով կշրջենք հասարակությունում պարտությունների անիվը»,- ընդգծեց շարժման համակարգողը։
Ելույթի ընթացքում Կարապետյանը անդրադարձավ նաև սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է, իսկ հայ ժողովուրդը տարածաշրջանում ամենագործունյա ազգերից մեկն է։
«Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է։ Հայ ժողովուրդը տարածաշրջանում ամենագործունյա ազգն է, և չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20 տոկոս աղքատություն։ Չի կարող մեր երկրում ամեն հինգերորդ մարդը աղքատ լինել»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ աղքատությունը կարող է հաղթահարել այն մարդը, ով լավ է պատկերացնում տնտեսությունը և հաջողել է տնտեսության մեջ․
«Հայ ազգը ունի նման առաջնորդներ, ովքեր կկարողանան հասարակության մեջ լուծել աղքատության հարցը»։
Նա նշեց, որ երկրի մարտահրավերն այս պահին տնտեսական է՝ «բանակի խնդիրներն էլ տնտեսական են, դիվանագիտությունն էլ»։
«Պետք է ուժեղ ղեկավար, իսկ ուժեղը գոռացողը չի, աղմկողը չի, վիրավորողը չի, այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ մեկ չի համարձակվում ոտք դնել քո երկիր։ Այնպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում՝ գիտեք ինչ»,-ասաց նա։



