Թուրքիան կպաշտպանի Սիրիայում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունը. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան չի բացառում Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններին իր մասնակցության հնարավորությունը, եթե դրանք սկսի այդ երկրում անցկացնել Սաուդյան Արաբիան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ենի Շաֆաք» թերթը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Սաուդյան Արաբիան մի քանի օր առաջ հանդես էր եկել Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններ անցկացնելու համար Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին:
Չավուշօղլուն հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արդեն թուրքական ռազմաօդային «Ինջիռլիք» բազա է ուղարկում իր ինքնաթիռները, բացի այդ, սպասվում է, որ Էր Ռիյադը Թուրքիա կուղարկի նաեւ իր զինծառայողներին:
Թուրքական «Սաբահ» թերթն ավելի վաղ, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան չի ծրագրում ռազմական արշավ անցկացնել Սիրիայում` նշելով, որ լուրերն այն մասին, թե Թուրքիան իբր ռազմական գործողություններ է ծրագրում Սիրիայում, չի համապատասխանում իրականությանը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին, որ Թուրքիան ռազմական գործողություններ է նախապատրաստում Սիրիայում եւ դրա համար ռազմական տեխնիկա է կենտրոնացնում այդ երկրի հետ սահմանում:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենի միջազգային անվտանգության համաժողովում հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է փախստականների հետ կապված բաց դռների քաղաքականությունը:



