Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը
ПОЛИТИКАԱվստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության առիթ է տալիս ոչ միայն եկեղեցական շրջանակներում, այլև հանրային ու քաղաքական դաշտում։ Այս պահին արդեն Մայր Աթոռի վեց եպիսկոպոսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և քննչական մարմինների կողմից նրանց արգելվել է բացակայել երկրից։ Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովի քարտուղար քահանան։ Ստեղծված իրավիճակը հստակ ազդակ է, որ գործընթացն ունի համակարգային բնույթ և չի սահմանափակվում առանձին դրվագներով։
Եթե այս տեմպերով զարգացումները շարունակվեն, ապա բնական է ենթադրել, որ երկրից բացակայելու արգելանք կարող է կիրառվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ։ Դա արդեն ոչ թե իրավական կամ վարչական հարց կլինի, այլ բացահայտ քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման և ինքնիշխանության սահմանափակմանը։ Այն, ինչ այսօր իրականացվում է Եկեղեցու հանդեպ, ավելի ու ավելի է հիշեցնում ոչ թե ժողովրդավարական պետության, այլ բռնապետական համակարգի գործելաոճ։
Գործող իշխանությունը, օգտագործելով քրեական հետապնդման և ազատությունից զրկելու գործիքակազմը, փորձում է լռեցնել ոչ միայն եպիսկոպոսներին, այլև քաղաքական գործիչներին, ոչ իշխանական համայնքապետերին, ինչպես նաև ազատ խոսք արտահայտող հասարակության ներկայացուցիչներին։ Սա այլևս առանձին դեպքերի շարք չէ, այլ հետևողական քաղաքականություն՝ ուղղված այլակարծության ճնշմանը։ Հարցն այստեղ հռետորական է դառնում՝ արդյոք սա է այն ժողովրդավարությունը, որի մասին խոսում և որը խրախուսում են արևմտյան կենտրոնները։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այս համատեքստում գրել է, որ միջազգային դերակատարները, որոնք պարբերաբար ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների «դրական ընթացքը», հետևողականորեն անտեսում են ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի կողմից հրահրվող սպառազինության մրցավազքը և ուժի դիրքերից խոսելու քաղաքականությունը։ Նույն այդ դերակատարները, որոնք բարձրաձայնում են ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, փաստացի չեն արձագանքում արցախցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, նրանց խախտված իրավունքներին և ադրբեջանական բանտերում պահվող հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինություններին։ Ըստ Աբրահամյանի՝ «շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները նույն կերպ աչք են փակում նաև Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի վրա՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին։
Այս ամբողջ պատկերը վկայում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները չեն տեղավորվում ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ։ Երբ հոգևոր կառույցի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ քաղաքական նպատակներով, խոսքը այլևս իրավական գործընթացների մասին չէ։ Արևմուտքի լռությունն այս իրավիճակում ամենազարհուրելին է, քանի որ այն փաստացի հավասարազոր է համաձայնության՝ այն ամենի հետ, ինչ այսօր կատարվում է Եկեղեցու, ազատ խոսքի և ժողովրդավարական արժեքների դեմ Հայաստանում։



