Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի «կարկառուններից» մեկը նախօրեին այսպիսի մի գրառմամբ է «փայլատակել». ««Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ)+ «Առաջարկ Հայաստանին» (Գագիկ Ծառուկյան+Անդրանիկ Թևանյան) + «Ուժեղ Հայաստան» (Նարեկ Կարապետյան և ընկ.) = Партия Единая Армения»:
Այս քպականը, թերևս, կարծում է, թե մի այլ կարգի սրամտել է: Իբր հումոր է արել, էլի: Բայց ինչպես բոլոր հարցերում բոլոր քպականները, հումորի հարցում էլ է սույնը «ոտքին գցել»: Հակառակը, յուրատեսակ խոստովանություն է դարձել: Պարզ է, հարկավ, որ ակնարկը դեպի Ռուսաստան է գնում...
Իրականում, ահա, այդօրինակ «հումորներով» քպական կարկառունները բացահայտում են իրենց համակած սարսափները:
ՔՊ-ն, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանն ու մերձավոր զինակիցներն ակնհայտորեն տագնապած են, եթե ավելին չասվի: Ամենից հետաքրքիրն այն է, որ օբյեկտիվորեն նրանք միանգամայն տեղին են տագնապած: Փաշինյանի ու «կոմպանիայի» տագնապները լիովին հիմնավորված են. քաղաքական դաշտում նախանշվում են ընդդիմադիր առնվազն երեք, իսկ հեռանկարում կանխատեսելի է նաև այլ խոշոր միավորումներ, որոնց հիմնական մոտեցումը նույնական է. Փաշինյանին ու ՔՊ-ին օրինականորեն հեռացնել իշխանությունից, Հայաստանը վերջապես ազատագրել այս մղձավանջից: Ու նման հաջողության համար գրեթե բոլոր նախադրյալներն առկա են:
Այո, ՔՊ-ին՝ Փաշինյանին ու իր կարկառուններին ամենից առաջ սարսափեցնում է այն, որ տվյալ ընդդիմադիր քաղաքական ուժերը և միավորումները կարող են Հայաստանում վերջ տալ փաշինյանական իշխանությանը: Թե դա ինչպես կլինի, քննարկման հարց է, հետընտրական հետոյի: Մի խոսքով, ընդդիմադիր խոշոր միավորումների համաձայնեցված գործունեության շնորհիվ լիովին իրատեսական է քպական ձախավեր իշխանություններից ազատվելու հեռանկարը: Ու դա Նիկոլ Փաշինյանի ու նրա կարկառունների ամենամեծ սարսափն է: Իրենք շատ լավ են հասկանում, որ ժողովուրդն իրենց չի ընդունում, որ մարդիկ մերժում են իրենց, ավելին՝ շատերն ուղղակիորեն ատում կամ տանել չեն կարողանում նրանց: Եվ իրենք գիտակցում են, որ կորցնելու են իշխանությունը:
Պատահական չէ և այն, որ քպական ագրեսիվ քարոզիչները թիրախավորում են բացառապես նշված ընդդիմադիր ուժերին: Եվ հակառակը՝ ոչ մի բան չեն ասում հնարավոր այն մասնակիցների հասցեին, որոնք ընտրապայքարի մեջ են մտնելու ձայներ փոշիացնելու կամ Փաշինյանին այլ կերպ աջակցելու նպատակով: Սատելիտները, էլի...
Մյուս սարսափը, որ աչքի է զարնում այս գրառման ու նմանատիպ այլ գրառումների մեջ, հենց ձևակերպումն է: Անկախ նրանից, թե կոնկրետ ինչ է իբր նկատի ունեցել «կարկառունը», փաստը մնում է փաստ, որ, կամա թե ակամա, բացահայտում է իրենց ամենամեծ սարսափը, այն է՝ միասնական Հայաստանը: Ընդհանրապես՝ միասնականությունը: Այո, Փաշինյանի ու ՔՊ-ի ամենամեծ սարսափը հենց «Միասնական Հայաստան» արտահայտության մեջ է «կոդավորված:
Այո, Փաշինյանին ու ՔՊ-ին ցավեցնում է և՛ ցանկացած արժանապատիվ առաջարկ Հայաստանին, և՛ ուժեղ Հայաստանը, և՛ ընդհանրապես Հայաստանը: Կրկնենք՝ առավել ևս՝ միասնական Հայաստանի գաղափարը:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



