Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի քրդերի դիրքերին. ԱՄՆ-ը քննադատել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հերքել է տեղեկություններն այն մասին, թե իրենք մտադիր են շուրջ 100 թուրք զինվոր մտցնել Սիրիայի տարածք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Յըլմազը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 13-ին և 14-ին թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) չորս դիրքերին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պահանջել է PYD-ից դուրս բերել իրենց զինուժը թուրքական սահմանի հարակից շրջաններից:
Թուրքական կողմի այս հարձակումների քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ պետդեպարտամենտը: Interfax-ի փոխանցմամբ՝ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինված ուժերի կողմից քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի հրետանակոծումը հարուցել է ԱՄՆ-ի անհանգստությունը: «Մենք անհանգստացած ենք Հալեպից հյուսիս ընկած տարածքում առկա իրադրությամբ և մեր ջանքերն ենք գործադրում իրավիճակի լարվածությունը բոլոր կողմերից թուլացնելու նպատակով»,- ասել է Քիրբին՝ հորդորելով քրդերին ու թուրքերին կենտրոնացնել պայքարն ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:



