Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Եվ ուրեմն, «Վեոլիա ջուրը» որոշել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում և մարզերում ջուրը կմատակարարվի ժամը 07:00ից մինչև 24:00-ն: Ու վերջ, ոչ մի պարզաբանում, ոչ մի մեկնաբանություն, այդպես են որոշել և վերջ: Միայն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել են, թե դա «պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով»: Իսկ երբ շատ մեծ աղմուկ բարձրացավ, էլի մի քանի լրատվամիջոցով «պարզաբանում» տարածեցին՝ գրեթե նույն ձևակերպումներով:
Եթե սրան ավելացնենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, մայրաքաղաքի, ինչպես նաև մարզային որոշ բնակավայրերի առանձին հասցեներում ջրամատակարարումը լինելու է օրական 4-6 ժամով, ապա ամեն ինչ «իր տեղը կընկնի»:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, եթե «Գազպրոմը» հայտարարի, որ ձմռան ամիսներին գազասպառման ծավալների աճով պայմանավորված օրական մի 7-8 ժամ գազ չի լինելու: Կամ՝ ինչ կկատարվեր, եթե ՀԷՑ-ը մինչ խլելը նման բան հայտարարեր: Իսկ «Վեոլիա ջուրը» մի օր «արթնացել» ու որոշել է, որ գիշերվա ժամերին ջուր տալու «հավես չունի»: Իհարկե, նախկինում էլ Երևանի այս կամ այն թաղամասում գիշերային ժամերին (հիմնականում՝ ժամը 1-ից 6-ը) ջրանջատումներ էին լինում ամռանը՝ սուսուփուս, առանց բարձրաձայնելու: Իսկ հիմա, ահա, ամբողջ հանրապետությանն են ջրազրկում՝ «հպարտորեն» հայտարարելով:
Թե ինչ վնաս է հասցվելու մարդկանց դրանով՝ կապված հատկապես վաղ աշխատանքի գնացողների, ուշ տուն եկողների կենցաղային խնդիրների հետ, թե ինչ վնասներ է կրելու զբոսաշրջությունը, հավել յալ մասնագիտական հաշվարկների խնդիր է: Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի նաև հարցը՝ արդյոք ջրանջատումը վերաբերում է միայն անհատ սպառողներին, թե՞ նաև կազմակերպություններին, մասնավորաբար՝ հիվանդանոցներին, ռեստորաններին, հյուրանոցներին, խանութներին և այլն:
Սակայն այս պահին ուշագրավ է, որ իշխանությունները, կարծես, ասելիք չունեն «Վեոլիա ջուր» ընկերությանը: Իսկ գուցե վերջինս հենց Նիկոլ Փաշինյանի ընդամենը մեկ օր առաջվա հայտարարությունը, թե «մենք պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը», խիստ յուրովի է հասկացե՞լ: Կամ գուցե հասկացել է այնպես, ինչպես և պետք էր հասկանա՞լ: Ամեն դեպքում հազիվ թե պատահականություն լինի, որ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց «Վեոլիա ջուրը» նման որոշում է կայացնում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ»: Ինչպես երևում է, այդ նոր ճանապարհն արդեն... ճանապարհին է: Դե, ինչպես «ապագան», էլի:
Հ.Գ.-Թերթն արդեն տպարանում էր, երբ հայտարարվեց, թե «կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»: Ասեք, որ հզոր է: Ու զվարճալի: Ու չափազանց կանխատեսելի: Միանգամից երկու նախընտրական ակցիա՝ մեկ օրում: Առավոտյան՝ թոշակները, երեկոյան՝ ջրի գրաֆիկի փոփոխության «չեղարկում»: Հետաքրքիր է, իսկ կառավարությունը նախապես տեղյա՞կ չէր, որ նման որոշում է կայացվելու: Վստահ ենք, որ տեղյակ էր (այդ մասին՝ տես վերևում): Ինչո՞ւ սպասեցին մինչև մեծ աղմուկ բարձրանա: Ճիշտ է՝ միայն նրա համար, որ իրենց հավատացող փոքրաթիվ մարդիկ նրանց ասեն՝ օ՜...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



