Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը
АНАЛИТИКАՄինչ տարածաշրջանը եռում է, Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավը ուրախ ավտոբուսով։ Նախօրեին էլ Շիրակի մարզում նա հանդիպում է ունեցել իր կողմնակիցների հետ և հայտարարել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» նշաձողը 65 տոկոսն է։
Ավելին, հայտարարել է, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «հեղափոխություն.3»։ «Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական ու մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը Հայաստանի ժողովրդին գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու, դնելու է զարգացման օրակարգի ռելսերի վրա», - ասել է Փաշինյանը։
Նա նաև հիշեցրել է, թե Գյումրիում նույնիսկ 2018 թ․-ին հեղափոխություն չի եղել, և այնտեղ լինելու է «Հեղափոխություն.1»։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ օրերս հրապարակված հարցման արդյունքների՝ եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին կիրակի, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։ 65 տոկոսի մասին հայտարարելով՝ Փաշինյանն ընդամենը հիմքեր է ստեղծում կեղծելու ընտրությունները։
Բնականաբար, առանց վարչական, ֆինանսական և քրեական ռեսուրսների մեկտեղման, ինչպես նաև ընտրությունների արդյունքներին կոշտ միջամտության, ընդդիմադիր հիմնական ուժերին պայքարից դուրս թողնելու՝ Փաշինյանին որևէ կերպ չի հաջողվի նույնիսկ մոտենալ իր նշած 65 տոկոսին։
Ըստ էության, այն, ինչ հայտարարում է Հայաստանի գործող իշխանության ղեկավարը, ոչ այլ ինչ է, քան հենց ընտրությունների կեղծումը նախապատրաստելու քայլեր, իսկ այդպիսի քարտ-բլանշ Փաշինյանին տվել են թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները, որոնք իրենց շահերն են պաշտպանում և երկակի ստանդարտներ կիրառելու հարցում որևէ նախապաշարմունք չունեն։
Սոնա Գալստյան



