Ադրբեջանում շարունակվում են գործազուրկների զանգվածային ակցիաները
МЕЖДУНАРОДНОЕՓետրվարի 15-ին Ադրբեջանի Շիրվան քաղաքում հարյուրավոր տեղացիներ հավաքվել են տեղի Զբաղվածության կենտրոնի շենքի դիմաց եւ պահանջել է աշխատանքով ապահովել իրենց:
Այս մասին, ադրբեջանական bastainfo.com կայքին հայտնել է «Մուսավաթ» կուսակցության Շիրվանի կազմակերպության նախագահ Ալիքրամ Խուրշիդովը:
«Ամեն օր մարդիկ հավաքվում են Զբաղվածության կենտրոնի շենքի դիմաց եւ աշխատանք են պահանջում: Նրանց աշխատանքով ապահովել խոստացել էր պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Այդ պատճառով այսօր 500-ից ավելի գործազուրկներ պահանջում են կատարել այդ խոստումը», -ասել է Խուրշիդովը: Փաստը Meydan TV-ին հաստատել են նաեւ Շիրվանում բնակվող լրագրողները:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են կրախի սահմանին: Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել: Եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել. երկու անգամ կրճատվել է նաեւ Ադրբեջանի 2016 թվականի ռազմական բյուջեն
Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքիներին արգելվել է ռեպորտաժներ հեռարձակել եւ լուրեր հաղորդել մանաթի արժեզրկման հետեւանքով թանկացումների եւ զանգվածային գործազրկության դեմ երկրի ամբողջ տարածքում սկսված բազմամարդ բողոքի ակցիաների վերաբերյալ: Որոշ ժամանակ առաջ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել Սիազանում, Լենքորանում, Ֆիզուլիում, Աղջաբեդիում եւ այլ շրջաններում: Դրանք ընթացել են ոստիկանության հետ բախումներով եւ ձերբակալություններով:
Ադրբեջանում, հատկապես, սննդային ապրանքների թանկացումների դեմ սկսված բողոքի ակցիաներում մարդիկ սպառնում են անգամ ինքնասպանություն գործել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ներկայում Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը գնվում է 2 մանաթով, իսկ որոշ տվյալներով` 3-4 մանաթով:



