Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Այս տարիներին նա ընդգրկված է եղել Արմեն Գյուլբուդաղյանցի, Խոակին Կապառոսի, Ալեքսանդր Պետրակովի, Ջոն վան ’տ Սխիպի և Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբերում։
7 տարի ազգային հավաքականում աշխատելուց հետո Մինյանոն հրավեր է ստացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Նա այսուհետև զբաղեցնելու է երիտասարդ տաղանդների զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Նաև համակարգելու է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծրագրերն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:
«7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։
Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և բարությունն օգնեցին, որ Հայաստանը դառնա իմ տունը։
Այս տարիները լի էին ուսուցմամբ, մարտահրավերներով և բացառիկ մարդկային հարաբերություններով, որոնք ես միշտ կպահեմ ինձ հետ։ Հայաստանը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում։ Շնորհակալություն, Հայաստա՛ն»,– հրաժեշտի խոսքում նշել է Մինյանոն։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին կատարած աշխատանքի համար։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին՝ Հայաստանի ազգային հավաքականում կատարած աշխատանքի համար։
Պարոն Մինյանոն իր բարձր պրոֆեսիոնալիզմով, բազմամյա միջազգային փորձով և ժամանակակից մոտեցումներով մեծ ներդրում ունեցավ մեր ընտրանու ֆիզիկական պատրաստության զարգացման գործում։ Այս տարիներին նրա աշխատանքն առանձնացավ բարձր պատասխանատվությամբ և ֆուտբոլիստների հնարավորությունների առավելագույն բացահայտմանն ուղղված մշտական ձգտմամբ։
Իր մարդկային բարձր արժեքների, համագործակցության պատրաստակամության և դրական վերաբերմունքի շնորհիվ պարոն Մինյանոն արժանացավ հավաքականի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ֆեդերացիայի աշխատակիցների հարգանքին։ Շնորհակալ եմ նրան նվիրված աշխատանքի, պրոֆեսիոնալ մոտեցման և հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Մաղթում եմ պարոն Մինյանոյին հաջողություններ հետագա գործունեությունում, նոր մասնագիտական ձեռքբերումներ և ամենայն բարիք», — ասել է Արմեն Մելիքբեկյանը։
Մինյանոն Իսպանիայի ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։
Հետևեք մեզ՝ այստեղ



