Քաղցկեղով հիվանդին կեղծված դեղ են վաճառում, իսկ Ավանեսյանը պատասխանատվությունն իր վրայից գցում է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հակաքաղցկեղային «Հերցեպտին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացել, որի վերաբերյալ համապատասխան գրությունն ուղարկել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ըստ այդ գրության` շվեյցարական հայտնի «Հոֆման-Լա Ռոշ» ընկերությունը տեղեկություն է տրամադրել «Հերցեպտին» (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի (440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ) դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
«Հերցեպտին» դեղամիջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, մեկ սրվակի արժեքը շուրջ 350 հազար դրամ է։ MediaHub-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշել էր, որ նախարարությունը տվյալ գործընթացում հանդես է գալիս որպես քաղաքականություն մշակող մարմին։ «Մեր գործառույթն այն է, որ մենք քաղաքականություն մշակող ենք և «Հերցեպտին»-ը պետպատվերի սկզբունքով տրամադրում ենք 1-3-րդ կարգ քաղցկեղ ունեցող քաղաքացիներին»,- ասել էր Ծատրյանը։
Թե N7741B04 սերիայով դեղի քանի՞ դեղաչափ է տրամադրվել քաղաքացիներին, ի՞նչ պետք է անի քաղաքացին, որն օգտագործվել է այդ կեղծված դեղը, կա՞ արդյոք տվյալ, թե որ մարզերում են բուժառուներն օգտվել նշված դեղամիջոցից, ե՞րբ է ներկրվել այդ՝ N7741B04 սերիայի դեղամիջոցների խումբը, ի՞նչ կարգով է ձեռք բերվել այն, ո՞ր ընկերությունն է ներկրել, արդյո՞ք հիմա շուկայից հեռացված է այդ կեղծված դեղախումբը. այս բոլոր հարցերի պատասխանը, Մարիամ Ծատրյանն ասել էր, որ կարող է տալ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակի ասածից ելնելով՝ MediaHub-ը գրավոր հարցում ուղարկեց Տեսչական մարմին, որտեղից մեր վերը նշված հարցերին ուղղակի չեն պատասխանել։
«Հերցեպտին/ տրաստուզումաբ դեղի N7741B04 սերիայի վերաբերյալ տեղեկատվությունը 2026 թվականի մարտի 6-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվել է ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնում դեղի վերաբերյալ այլ տեղեկատվություն առկա չէ»։
Այսպիսով, ստացվում է բավական մտահոգիչ պատկեր․ խոսքը քաղցկեղի բուժման համար կիրառվող, շուրջ 350 հազար դրամ արժողությամբ դեղամիջոցի մասին է, որը պետությունը տրամադրում է հենց ամենախոցելի հիվանդներին։ Սակայն, երբ արդեն կա կեղծման մասին ահազանգ, պարզվում է՝ պատասխանատու կառույցներից ոչ մեկը չի կարող հստակ ասել՝ այդ սերիայի քանի դեղաչափ է ներմուծվել, ովքեր են այն ստացել, կամ որտեղ է այն շրջանառվել։ Մի կողմում առողջապահության նախարարությունն է, որը հայտարարում է, որ միայն քաղաքականություն մշակող է, մյուս կողմում՝ տեսչական մարմինը, որը նշում է, որ տվյալ դեղի վերաբերյալ այլ տեղեկություն չունի։ Իսկ ամենակարևոր հարցերը՝ արդյոք կեղծված դեղը հասե՞լ է հիվանդներին, քանի՞ մարդ է այն ստացել և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա նրանց բուժման վրա, այս պահին մնում են անպատասխան։ Եվ մինչ պետական կառույցները պատասխանատվությունն իրար վրա են գցում, ամենախոցելի իրավիճակում հայտնվում են հենց քաղցկեղով հիվանդ քաղաքացիները, որոնց բուժման անվտանգությունն ու վերահսկողությունը պետք է լինեին նույն այդ կառույցների առաջնահերթ պարտականությունը։
Չնայած ՔՊ-ականների Հայաստանում ավելի կարևոր ու առաջնահերթ գործեր կան. եթե նախարարն ու պատասխանատու օղակներն այս հարցերով զբաղվեն, բա ո՞վ է սուրճ խմելու, զբոսանքի կամ ծաղիկները ծաղկամանում դասավորելու էսթետիկ ռիլեր նկարելու...։ Իսկ հետո էլ զարմանում են, թե մարդիկ ինչու են քաղցկեղը բուժելու համար արտերկիր գնում։
Ալիտա Եղիազարյան
Հետևեք մեզ՝ այստեղ



