Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
ng.ru–ն «Փաշինյանը հայերին խոստացել է նոր արդարադատության համակարգ և առողջապահություն. դրա դիմաց նրանք ստիպված կլինեն մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը հայտարարել է, թե նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, սակայն դրա հրապարակման ճշգրիտ ամսաթիվ դեռևս չկա, քանի որ փաստաթուղթը դեռ պետք է քննարկի իշխող ՔՊ կուսակցությունը։ Նա ընդգծել է, որ տեքստը մշակվել է նախկինում հաստատված հայեցակարգային դրույթների հիման վրա, և գործող կառավարման համակարգում որևէ փոփոխություն չի նախատեսվում։ Ավելին, սոցիալական ապահովության և առողջապահության իրավունքները պետք է բարձրացվեն հիմնարար իրավունքների կարգավիճակի, ինչը պետության համար կստեղծի ավելի մեծ «դրական պարտավորություն» դրանք պաշտպանելու համար։ Արմատական բարեփոխումներ են սպասվում նաև դատական համակարգում, այդ թվում ատենակալների դատավարությունների ներդրում, երկաստիճան վերաքննիչ համակարգի ստեղծում և գործերի գրավոր վերանայում, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման մեխանիզմներ։
Ավելին, հայտնի է, որ նոր Սահմանադրությունը հղում չի ունենա Հայաստանի Անկախության հռչակագրին։ Վարչապետը հստակորեն հայտարարել է այդ մասին։ Իր վճռականությունն ընդգծելու համար նա պաշտոնանկ է արել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, որն ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի այցի ժամանակ նրան նվիրել էր Արցախի պատմության մասին գիրք։ Փաշինյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղին նման հղումները հակասում են կառավարության քաղաքական օրակարգին։ Նմանատիպ կերպով նա քննադատել է նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին։ «Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ, ընդ որում՝ պատարագի տեքստում այդպիսի բան չկա, շեղվում են և հղում են անում՝ «Արցախի Հանրապետություն» և այլն և այլն։ Ամեն էդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ», - զգուշացրել է Փաշինյանը։
Քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը կարծում է, որ կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխություններն ամենակարևոր բանը չեն, որին հայերը սպասում են։ Ամենից առաջ՝ հանրապետության քաղաքացիները կցանկանային, որ Հիմնական օրենքը վերջ դնի, այսպես կոչված, սուպերվարչապետական կառավարման ձևին։ «Անհրաժեշտ է հակակշիռների և զսպումների գործող մեխանիզմ, որը ներկայում բացակայում է: Գործող Սահմանադրությունը նպատակ ունի ոչ թե զարգացնել քաղաքական համակարգը իշխանության տարբեր կենտրոնների միջև երկխոսության միջոցով, այլ ամրապնդել վարչապետի իշխանությունը: Մասնավորապես, «կայուն մեծամասնության» մեխանիզմի շնորհիվ խորհրդարանական ընտրությունների հաղթողը ստանում է ամբողջական իշխանություն հանրապետության նկատմամբ: Ըստ էության, Հայաստանն ուներ կառավարման սուպերնախագահական, իսկ հիմա ունի սուպերվարչապետական ձև», - բացատրել է Մղդեսյանը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մեկ այլ կարևոր հարց է մնում նոր Սահմանադրության նախաբանի բովանդակությունը: Ակնհայտ է, որ Փաշինյանը ցանկանում է փոխել այն, և դա անհանգստացնում է հասարակության զգալի մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



