Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն Մարուքյան
БЛОГԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Առաջին նկարում «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիրն» է՝ 2020 թվականին իշխանությունների կողմից նախաձեռնված, սակայն հետո չեղարկված Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի բուկլետը։
«ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրի» վրա պատկերված էր Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին, և երբ այդ բուկլետները քարոզարշավի շրջանակներում բաժանվում էին քաղաքացիներին, տեղի ունեցավ հայտնի դեպք․ Նիկոլ Փաշինյանը մետրոյում (ամեն անգամ էլ ավելի ենք համոզվում, որ Փաշինյանին մետրոն հակացուցված է) այդ բուկլետը տվեց մի երիտասարդ աղջկա, որն էլ վերցրեց ու պատռեց այն։
Երկրորդ նկարում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի կողմից կիրառվող քարոզչական գործիք դարձած կրծքանշանն է՝ ՀՀ քարտեզի տեսքով։ Վերջերս էլ Ալեն Սիմոնյանը, նեղացած երեխայի պես, բողոքում էր Փաշինյանին, թե քաղաքացիներից մեկը վերցնելով այդ կրծքանշանը՝ կոտրել ու գցել է գետնին։ Ասում էր՝ մեզ կարող են չսիրել, բայց ինչպե՞ս կարելի է անարգել մեր պետության քարտեզը։
Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք։ Մարդիկ ոչ թե մեր պետական խորհրդանիշներին են դեմ, այլ ձեզ և ձեր վարած խայտառակ քաղաքականությանը։ Մեր պետական և ազգային խորհրդանիշներին ձեռք մի տվեք․ ձեր դեմքերով բուկլետներ ու կրծքանշաններ պատրաստեք, որ մարդիկ էլ հանգիստ սրտով գցեն գետնին կամ պատռեն և դա չլինի մեր սրբությունը։ Հայաստանի քարտեզը և մեր սրբագույն սիմվոլները հանգիստ թողեք, իսկ կոնկրետ քարտեզի մասով. ամեն անգամ, երբ դրան դիպչում եք, այն քառակուսի կիլոմետրերով փոքրանում է։



