Հայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ)
ВИДЕОԵրեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական և հանդիսավոր մթնոլորտ էր։ Սուրբ Հարության՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված պատարագը համախմբել էր մեծաթիվ հավատացյալների, ովքեր տարբեր վայրերից եկել էին՝ մասնակցելու այս լուսավոր օրվա գլխավոր հոգևոր արարողությանը։
Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցվող պատարագը ընթանում էր աղոթքի, խոնարհության և հոգևոր վերելքի մթնոլորտում։ Եկեղեցու ներսում և բակում զգացվում էր տոնի խորհուրդը՝ հույս, վերածնունդ և հավատքի զորացում։
Պատարագի ավարտին հավատացյալների հոսքը ուղղվեց դեպի Վեհափառը․ մարդիկ փորձում էին հնարավորինս մոտենալ, ստանալ նրա օրհնությունը, փոխանցել իրենց հավատն ու սպասումը։ Շատերի համար այդ պահը ոչ միայն հոգևոր, այլև խորապես անձնական ու հիշարժան էր։
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համահիմնադիր Հայկ Նահապետյանը երեկ շարժման մյուս ներկայացուցիչների հետ ևս այցելել էին Էջմիածին։
Պատարագից հետո Մայր Աթոռի բակում Հայկ Նահապետյանը շփվել է քաղաքացիների հետ։ Քաղաքացիները բարձրաձայնել են իրենց մտահոգությունն ու դժգոհությունը՝ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի հետ, միաժամանակ ընդգծելով իրենց աջակցությունն ու հավատարմությունը Վեհափառին։
Հանդիպման ընթացքում Հայկ Նահապետյանը ներկայացրել է Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի պաշտպանությանն ուղղված պահանջ-խնդրագիրը, որը նախատեսվում է ներկայացնել Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին։
Նախաձեռնությունը ջերմ արձագանք ստացավ ներկաների շրջանում․ հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն աջակցել են, այլև ստորագրել են դիմումի ներքո՝այսպիսով իրենց որդիական աջակցությունը հայտնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։



