Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան
ПОЛИТИКАԻնչքան էլ արդարությունը և արդարադատությունը Հայաստանում հիվանդացել է, գլոբալ առումով չի գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր այդ ամենի վերջը լինելու է, որովհետև վերջիվերջո գծեր կան, ամեն ինչ պետք է այս չափ ու սահմանի մեջ լինի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այսօր մեկնարկած դատավարությանը։
«Արդարությունը մի պահ ոտքի է կանգնելու, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր հենց այդ օրն է։ Այն, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, աշխարհում չտեսված ու չլսված բան է, ընդիմադիր կարևորագույն ուժի առաջնորդը, կուսակցության նախագահն արդեն շուրջ մեկ տարի ապօրինի կալանավորված է ու փաստացի չի կարող իր ընտրողների, հասարակության հետ շփվել։ Այստեղ , մեխն այն է, որ գործը կարված է։ Սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի արտացոլանքն է, որ ամեն օր ապացուցվում է։
Նիկոլ Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի շուքից։
Իշխանությունները փորձում են ինչ-որ զարտուղի ճանապարհներ գտնել, որպեսզի հնարավոր լինի դաշինքի անվանումից հանել Սամվել Կարապետյանի անունը, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը նախատեսում է խաղի հստակ կանոններ, ըստ որի առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոնները փոխել պետք չէ։ Բայց մենք տեսանք, որ ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, իմանալով, մեր կուսակցությունը հանդես է գալիս դաշինքով, ամեն ինչ արեցին, որպեսզի Սամվել Կարապետյան անունը չշոշափվի, չերևա ոչ մի տեղ։ Սրանք հենց վախերի մասին են խոսում»,–ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վախենում է մինչև տարեվերջ Սամվել Կարապետյանը դառնա «բոմժ», ռուբեն Մխիթարյանն ասաց. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը որևիցե կարմիր գիծ չունի, բարոյական նորմեր առկա չեն, այո, ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հակաօրինական շատ ու շատ քայլեր անել, բայց ի՞նչ է նշանակում վարչապետի մակարդակով իր քրտինքով աշխատած գումար ունեցող մարդուն, հայրենասեր մարդուն, հայրենանվեր մարդուն ասել՝ «բոմժ կսարքեմ»։
Դիտարկմանը, որ Փաշինյանը պարզաբանել է, որ Սամվել Կարապետյանը դրսում խոստումներ ունի տված և ինքը մտահոգություններ ունի, որ կարող է այդ խոստումները չկատարի և որոշակի շրջանակները փորձեն նրան ունեզրկել, «Ուժեղ Հայաստանի» անդամն ասաց. «Այդ խոսույթը ավելի շատ նման է նրան, որ ասաց՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինքը ընդամենը շարքային մանիպուլյատոր է, ստի, կեղծիքի էտալոն է։ Նմանատիպ տեղեկատվությունները ընդամենը իրենց փոքրիկ խմբակին հույս տալ է։ Իրենց այս քայլերը ցույց են տալիս, որ իրենք իրոք ցայթտոտի մեջ են, հասկանում են, որ տարբերակ չունեն վերարտադրվելու։ Դրա համար էլ ձեռքները գցել են փրփուրից»։
Նա վստահություն հայտնեց, որ Սամվել Կարապետյանի անունը դաշինքի անվանումից հանելը որևէ ազդեցություն չի ունենալու, որովհետև մարդիկ գիտեն Սամվել Կարապետյանի թիմը որն է. «Մենք ունենք պլան Ա, պլան Բ և այլն»։



