Ինչու են գները շարունակում բարձրանալ․ բացահայտումներ շուկայից
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է, որ 2025 թվականի տարեվերջին Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծումը իշխանությունների կողմից ներկայացվեց որպես կարևոր տնտեսական ձեռքբերում։ Ավելին, հունվարի սկզբին որոշ բենզալցակայաններում գրանցված գների նվազումը ևս օգտագործվեց որպես դրական ազդակ։
Սակայն կարճ ժամանակ անց իրավիճակը փոխվել է․ վերջին օրերին բենզինի գները Հայաստանում զգալիորեն բարձրացել են՝ գերազանցելով նույնիսկ անցած տարվա ցուցանիշները։
Միևնույն ժամանակ խնդիրը սահմանափակված չէ միայն վառելիքով։ Նշվում է, որ նկատվում է մթերքների լայնածավալ թանկացում, այդ թվում՝ տեղական արտադրության ապրանքների։ Մասնավորապես, աճել են մսի, բանջարեղենի, հացի, ձվի և այլ հիմնական ապրանքների գները։
Թերթը ընդգծում է, որ սեզոնային գործոններով պայմանավորված թանկացումների բացատրությունը լիարժեք չէ, քանի որ նույնիսկ ձմռան ամիսներին նման բարձր գներ չեն արձանագրվել։
Ըստ «Փաստ»-ի՝ գնաճը շարունակական բնույթ է կրում և զգալիորեն ազդում է բնակչության կենսամակարդակի վրա՝ չեզոքացնելով սոցիալական աջակցության որոշ միջոցների ազդեցությունը։
Աղբյուրը նաև նշում է, որ մասնագետները չեն բացառում՝ գնաճը կարող է լրացուցիչ եկամուտներ ապահովել պետբյուջեի համար, մինչդեռ թանկացումների ազդեցությունը տարբեր սոցիալական խմբերի վրա միատեսակ չէ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։



