Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան
ПОЛИТИКАԱրևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ: Մենք իհարկե պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինեն արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք: Հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են:
Մեր երկրի առաջ երկու այլընտրանք է, առաջինը՝ ինչպես առաջարկում է այս իշխանությունը, մոռանալն է մեր պատմությունը և մեկ միլիոն հինգ հարյուր հազար անմեղ սպանված հայերի ճակատագիրը: Իրենք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք, դիմացը առաջարկում են Թուրքիայից էժան լոլիկ բերենք, այս դեպքում ո՞րն է մեր գնահատանքը մեր հանդեպ, որպես ազգ մեր ազգային ինքնասիրության հանդեպ: Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել են ցեղասպանությունը, սադրա՞նք է դա, իհարկե ոչ:
Մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչի անմեղ հայերի կոտորածը, դա տարածաշրջանում արդարության վերականգնման, ազգերի միջև երկարաժամկետ խաղաղության և համերաշխության հաստատման միակ լավ ճանապարհն է: Եթե մեկը սպանդ իրականացնելուց հետո ստիպում է քեզ ազգիդ 1,5 միլիոն մարդու ճակատագիրը մոռանաս և դու ընդունում ես, դա նշանակում է՝ դու ընդունում ես, որ քեզ հետ կարելի է այդպես վարվել»,- նշել է Կարապետյանը:



