Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու
АНАЛИТИКАՀայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունների քաղաքականությունը հասել է ընդհուպ ամենազգայուն հարցերից մեկին։ Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում և սոցցանցերում հրապարակում էր կատարվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Ծիծեռնակաբերդ այցի վերաբերյալ՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ։ Ժամեր անց գրառումն ամբողջությամբ հեռացվել է թե՛ կայքից, և թե՛ սոցցանցերից, թողել են միայն Փաշինյանի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցի վերաբերյալ տեղեկությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հիշեցնենք, հուշահամալիր էր այցելել իշխանություններից առանձին, և Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշճյանն ասել է, թե կաթողիկոսի այցի մասին հաղորդագրությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր առանց իր հետ համաձայնեցվելու է դրվել և ընդհանրապես պետք է չհրապարակվեր։ «Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արարողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը»,– հայտարարել է Թաշճյանը՝ փաստացի կեղծիք տարածելով, քանի որ նույն այդ ինստիտուտ-թանգարանի կայքում բազմաթիվ այցելությունների վերաբերյալ հրապարակումներ կան։
Ըստ էության, ակնհայտ է, որ կաթողիկոսի այցի վերաբերյալ տեղեկությունը հեռացվել է գործող իշխանությունների պահանջով, որոնք արդեն տևական ժամանակ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը և հակաեկեղեցական քաղաքականություն վարում։ Բայց այն, որ քաղաքականությունը նույնիսկ կարող է հասնել Ցեղասպանության թանգարանին, բարդ էր նույնիսկ պատկերացնել։
Մոնիկա Կիրակոսյան



