«Ոչ թալանին» նախաձեռնությունը դեռևս չի հստակեցնում քայլերը ՀԷՑ-ում աուդիտին մասնակցելու վերաբերյալ
ЭКОНОМИКАԸնդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեռևս չեն կողմնորոշվել «Հայաստանի էլեկտրական ցանցերում» անցկացվելիք աուդիտին մասնակցելու հարցում: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության համակարգող խմբի անդամները նշեցին, որ աուդիտին իրենց մասնակցությունը կախված է այն հանգամանքից, թե ինչ բնույթի է լինելու աուդիտը՝ ֆինանսակա՞ն, թե՞ տեխնիկական: «Եթե պետք է լինի ֆինանսական աուդիտ, ապա մենք չենք մասնակցելու դրան, քանի որ ֆինանսական աուդիտ այնտեղ ամեն տարի անցկացվում է, և մեզ այս պահին պետք չեն ՀԷՑ-ի արած ծախսերը: Իսկ մինչ այս պահը մեզ հայտնի չէ, երբ է լինելու աուդիտը, ինչ տեսակի է այն լինելու և որքան է տևելու»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ' նշեց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ իրենք պատրաստվում են նամակ ուղարկել կառավարությանը՝ պարզելու համար աուդիտի տեսակը: Նրանց խոսքով՝ իրենց նախաձեռնությամբ ձևավորված մասնագիտական խումբը ուսումնասիրություններ է անցկացնում էներգետիկ ոլորտում: Նախաձեռնությունը նաև նամակ է ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պարզելու համար, թե մինչև աուդիտի ավարտը կառավարությունն ինչ միջոցներից է փոխհատուցվելու էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամով թանկացումը:
Նախաձեռնության անդամները շարունակում են պայքարը և բողոքի նոր ակցիաներ են իրականացնելու: Նրանք ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեցին նաև հուլիսի 14-ին կայանալիք երթի մասին: Երթի մասնակիցները «Մոսկվա» կինոթատրոնի մոտից կշարժվեն դեպի դատախազություն: Նրանք պահանջելու են պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ ուժ կիրառած ոստիկաններին: