Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»
АНАЛИТИКА«GALLUP International Association»-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք, մեղմ ասած, հուսահատության կարող են հասցնել իշխող ուժին։ Ըստ հարցման արդյունքների՝ ՔՊ-ին ձայնը կտա հարցվածների 26.7%-ը, «Ուժեղ Հայաստանին»՝ 14.1%-ը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 8.2%-ը, ԲՀԿ-ին՝ 7,5%-ը, «Միասնության թևերի» օգտին կքվեարկի 4.2%-ը, «Դեմոկրատիա, օրենք կարգապահություն» կուսակցության օգտին՝ 3.1%-ը։ «Լուսավոր Հայաստանին» իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 2․7%-ը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը՝ 2․3%-ը, «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը՝ 1․9%-ը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1․7%-ը, իսկ Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությանը՝ 1․1%-ը։ Մյուս ուժերն այս հարցման արդյունքներով 1-ից ցածր միավորներ են ստացել։
Ըստ հարցման՝ ընդդիմադիր չորս ուժեր կարող են անցնել խորհրդարան՝ փաստացի ԱԺ-ում միավորվելով և իշխանազրկելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Սա բնավ չի բխում գործող իշխանությունների շահերից, որոնք ամեն ինչ անում են ընդդիմադիր ուժերից ոմանց խորհրդարանից դուրս թողնելու համար։ Չի բացառվում, որ այս հարցման արդյունքներով ՔՊ-ում որոշեն գործի դնել, այսպես կոչված, «մոլդովական սցենարը» և մեկ կամ մի քանի ընդդիմադիր ուժերի մասնակցությունն արգելեն։
Այս դեպքում էլ մեկ այլ վտանգ է առաջանում։ Հարցվածների 36.6 տոկոսը նշել է, որ միանշանակ այո կմասնակցեն փողոցային պայքարին, իսկ 9.9 տոկոսը նշել է՝ ավելի շուտ այո, այսինքն՝ գրեթե 45 տոկոսը պատրաստ կլինի փողոցային պայքարին։ 10.2 տոկոսն ավելի շուտ չի մասնակցի, իսկ 39.1 տոկոսը՝ միանշանակ ոչ։ Այսինքն՝ հանրությունը պատրաստ է փողոցային պայքարին, այդ կերպ Փաշինյանին իշխանազրկելուն, և անգամ բիրտ ուժի կիրառումը չի կարող փրկել գործող իշխանությանը։
Տաթևիկ Բադալյան



