ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն Մարուքյան
БЛОГԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանս, շարունակաբար իրականացնելով զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային ու սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված հասարակական գործունեություն, ինչպես նաև ուսումնասիրելով, համադրելով և բանակցելով ընդդիմադիր քաղաքական ուժերի անվտանգային ծրագրերը (բացառությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության), եզրահանգել եմ, որ վերջիններիս քաղաքական օրակարգերում պատշաճ կերպով արտացոլված չեն զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց կողմից տարիների ընթացքում բարձրացված, իսկ որոշ դեպքերում՝ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված աշխատանքային իրավախախտումների վերացման հարցերը։
Վերոնշյալ իրավախախտումների արդյունքում պետության կողմից զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմամբ ձևավորվել են ֆինանսական պարտավորություններ, որոնց համապարփակ և վերջնական կարգավորումը հնարավոր է բացառապես քաղաքական որոշումների ընդունման շրջանակներում։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ համատեղ ջանքերով նշված աշխատանքային իրավախախտումների վերացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով, որոշում եմ կայացրել մուտք գործել քաղաքական դաշտ՝ ընդգրկվելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընտրացուցակում։
Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին և զինակիցներին մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, վստահություն հայտնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ ընտրելով 19 համարի ընտրաթերթիկը՝ նպաստել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքների վերականգնման գործընթացին։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող
Էդգար Հովհաննիսյան
05.05.2026 թ.
Գրառումը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն ֆեյսբուքյան էջից



