Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ
ПОЛИТИКАՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ նոր քննարկումների առիթ են դարձել թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում։ Մոսկվան հերթական անգամ հստակ ազդակներ է փոխանցում Երևանին՝ միաժամանակ փորձելով ընդգծել, որ Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ է պահպանել գործընկերային մոտեցումը, սակայն ակնկալում է հստակություն և կանխատեսելիություն։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրը Մոսկվա ժամանած օտարերկրյա առաջնորդները ցուցաբերել են անձնական քաջություն։ Միաժամանակ նա նշել է, որ առանձնապես ոչինչ չի տեսնում այն բանում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Մոսկվա մեկնել։ Սակայն առավել ուշագրավ էին Ռուսաստանի նախագահի հայտարարությունները Հայաստանի եվրոպական ուղղության վերաբերյալ։
ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին, սակայն Երևանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում։ Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է զգալի տնտեսական առավելություններ, և նման կարևոր հարցի դեպքում տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել։
Պուտինը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի դեպքում ևս ամեն ինչ սկսվել էր եվրաինտեգրման հարցից։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի ժողովուրդը որոշի աջակցել եվրոպական ուղղությանը, ապա Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ամուսնալուծության» գործընթացը։ Միաժամանակ նա չի բացառել, որ Հայաստանի եվրոպական ծրագրերը քննարկման թեմա դառնան Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթաժողովում։
«Պարզապես պետք է ժամանակին ասել, որ մենք այսպես ու այսպես ենք անելու։ Այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա։ Պետք է ամեն ինչ հաշվարկել։ Եվ հայկական կողմը պետք է հաշվարկի, և մենք պետք է հաշվարկենք», - ասել է նա։
ՌԴ նախագահի հայտարարություններում առանձնահատուկ շեշտադրում կար նաև հայ-ռուսական հարաբերությունների պատմական բնույթի վրա։ Պուտինը նշել է, որ ռուսներին և հայերին դարեր շարունակ կապում են առանձնահատուկ հարաբերություններ, և եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, Ռուսաստանը դրան չի ընդդիմանա։
Այս հայտարարությունները հնչում են բավական զգայուն ժամանակահատվածում։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է մայիսի 28-29-ին Աստանայում, մինչդեռ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Փաստացի ստացվում է, որ ընտրություններից օրեր առաջ կարող են քննարկվել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հետ կապված կարևորագույն հարցերը։
Փորձագետների մի մասը չի բացառում, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակասական և անորոշ քաղաքականությունը, ապա դա կարող է լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներ ունենալ երկրի համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական համագործակցության հնարավոր սահմանափակումներին, այլ նաև արտագնա աշխատանքի, ավիափոխադրումների, մաքսային արտոնությունների և բազմաթիվ այլ ոլորտների, որոնք տարիներ շարունակ ապահովել են Հայաստանի տնտեսության զգալի հատվածի կայունությունը։
Այս ֆոնին առավել մտահոգիչ է մնում անվտանգության հարցը։ Տարածաշրջանային լարված պայմաններում Հայաստանի համար արտաքին գործընկերների հետ հարաբերությունների ցանկացած սրում կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական հետևանքներ։ Իսկ իշխանությունների վարած քաղաքականության շուրջ առկա անորոշությունը շարունակում է խորացնել հանրային անհանգստությունը։
Առաջիկա շաբաթները Հայաստանի համար կարող են դառնալ որոշիչ։ Աստանայում սպասվող քննարկումներն ու դրանց հաջորդող ներքաղաքական զարգացումները ցույց կտան, թե իրականում ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը և ինչ գին կարող է վճարել այդ ընտրության համար։



