Արսեն Պետրոսյանը հեռացել է «Գանձասար Կապան»-ից
СПОРТ«Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Պետրոսյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կապանյան ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը:
Նրա տեղեկացմամբ, երիտասարդ դարպասապահն անձնական հարցերով մեկնել է Բելգիա: Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը շնորհակալություն է հայտնել Արսեն Պետրոսյանին` ունեցած մրցելույթների, դրսևորած նվիրվածության և ջանասիրության համար և մաղթել հաջողություններ կարիերայի հետագա ընթացքում:
Պետրոսյանն այս մրցաշրջանում «Գանձասար Կապանի» կազմում անցկացրել է 14 խաղ և բաց է թողել 16 գնդակ: Ընդհանուր առմամբ Արսեն Պետրոսյանը «Գանձասար-Կապանի» կազմում անցկացրել է 25 խաղ և բաց է թողել 30 գնդակ:
«Գանձասար Կապան»-ը ներկայում գտնվում է Կրանոդարում, որտեղ անցկանում է ուսումնամարզական հավաք: