Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել
АНАЛИТИКАՀայաստանի իշխանությունները ընդդիմադիրներին պատժելու ամենևին ոչ նոր, բայց արդյունավետ մեթոդ են գտել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին տարբեր մարզերում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկում հարյուրավոր անձանց։ Ընդ որում, այդ ամենը արվում է համայնքապետարանների և մարզպետարանների համակարգմամբ, հստակ ցուցակներով, և հատկապես Արմավիրի, Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում, ինչպես հայտնեց մեր իրազեկ աղբյուրը, տարբեր տղամարդկանց ծանուցագրեր են ուղարկում՝ պահանջելով մայիսի վերջին ներկայանալ զինկոմիսարիատներ և անցնել մեկամսյա վարժական հավաքներ ՀՀ զինված ուժերի կազմում։ Դեռևս հունվարի 8-ին կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկվել էր պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու հարցը և, հենց ընտրական փուլը նկատի ունենալով, ամենամեծ կոնցենտրացիան որոշվել էր իրականացվել այդ փուլում, մասնավորապես՝ մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ և ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
Այդ ժամկետներն էլ օգտագործելով՝ զինկոմիսարիատները ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տարբեր անձանց՝ պահանջելով ներկայանալ, հակառակ պարագայում սպառնալով պատասխանատվության ենթարկել ռազմական ոստիկանության միջոցով։ Այդ կերպ նախ ընդդիմադիր շտաբների աշխատանքն են փորձում կազմալուծել՝ ակտիվիստներին տանելով վարժական հավաքների, նաև զրկելով ընդդիմության օգտին աշխատելու հնարավորությունից։ Սա ուշագրավ է այն առումով, որ եթե ընդդիմությունը աղմուկ բարձրացնի, ապա այդ հանգամանքը կարող են օգտագործել՝ ընդդիմությանը մեղադրելու, թե իբր դեմ են Հայաստանի զինված ուժերի զարգացմանը։
Աննա Մարգարյան



