Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը
АНАЛИТИКАՀայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընդդիմությանը մեղադրում են հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ, բայց հենց իրենք էլ միտումնավոր վարչական ռեսուրսի չարաշահումներ են իրականացնում։ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես է կինը վարչապետի այցին ընդառաջ ուսանողներին ասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցելու մասին։ Խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է։
Ձայնագրություններում ենթադրաբար լսվում է Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գրիգորյանի ձայնը, որը դասավանդում է տարածաշրջանային պետական քոլեջում։ Վարչական ռեսուրսի չարաշահման մեկ այլ դեպքի մասին էլ նախօրեին էին հայտնել։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդները արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։ Ինքը՝ Փաշինյանը, ամենևին չէր հերքել այդ փաստը, ասել էր, որ Արագածոտնի մարզի 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց նրանց կարող են չհեռացնել, եթե պարզվի, որ աշակերտները դասից փախել են, որ մասնակցեն քարոզարշավին։ Ըստ էության, իշխող ուժը, որ ընդդիմությանը ամենօրյա ռեժիմով մեղադրանքներ է հասցեագրում, իր աչքի գերանը չի տեսնում, տեսնելուց էլ ոչինչ ձեռնարկելու ցանկություն չունի։ Ընդհակառակը, մտադիր է ամեն գնով պաշտպանել կողմնակիցներին և շարունակել վարչական ռեսուրսի չարաշահումները՝ հանուն իշխանության պահպանման։
Սոնա Գալստյան



