Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը
АНАЛИТИКАՀայաստանի գործող իշխանությունների վարքի, ընդդիմության հետապնդումների, անհատ քաղաքացիներին վիրավորելու, քաշքշելու, ահաբեկելու այս գործողությունների ֆոնին շատերի մոտ լուրջ հարց է ծագում, թե ինչու է իշխանությունը իրեն պահում նման անհեթեթ կերպով. չէ՞ որ այդ կերպ ավելի շատ է վնասում իր հեղինակությանը, քան եթե քաղաքակիրթ ընտրապայքար մղեր։
Իրականում բանն այն է, որ գործող իշխանություններն իրենք էլ հրաշալի հասկանում են՝ քաղաքակիրթ ընտրապայքարում լուրջ պարտվելու են, չեն կարողանալու պատասխանել բոլոր այն փաստարկներին, որ իրենց առջև դնում են թե՛ ընդդիմությունը, թե՛ շարքային քաղաքացիները, չեն կարողանալու բացատրել, թե ինչ են իրականում ուզում հասարակությունից։ Մինչդեռ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքի մեջ Փաշինյանը մեկ բան հրաշալի հասկացել է՝ իրեն կհաջողվի վերարտադրվել միայն մի դեպքում, եթե խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը պակաս լինի 50 տոկոսից։
Այդ դեպքում, օգտագործելով վարչական ռեսուրսը, ընտրակեղծիքները, ահաբեկումները, ֆինանսական և քրեական միջոցները՝ կկարողանան կողմնակիցներին որոշակիորեն մոբիլիզացնել, տանել ընտրատեղամասեր։ Իսկ այժմ գործող վարչախումբը ընդամենը փորձում է ահաբեկել ընդդիմադիր տրամադրված զանգվածին, որպեսզի վերջինս ընդհանրապես վախենա կամ հիասթափվի և չմասնակցի խորհրդարանական ընտրություններին։
Սա է գործող իշխանության գլխավոր նպատակը՝ ամեն գնով պակասեցնել ընտրողների թիվը։ 2021 թվականի ընտրություններին մասնակցել էր ընտրողների 49․3 տոկոսը, և Փաշինյանին հաջողվել էր վերարտադրվել։ Բնականաբար, 60 և ավելի տոկոս մասնակցության պարագայում Փաշինյանը պարզապես որևէ շանս չունի, ուստի և գործի են դրվում տարատեսակ մեխանիզմներ՝ ամեն գնով մասնակցության թիվը նվազեցնելու համար։
Աննա Մարգարյան



