Ինչո՞ւ չի ստացվում Ծառուկյանին ներքաշել Փաշինյանի խաղի մեջ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ակնհայտորեն փոխվել է քաղաքական խոսույթի որակը։ Հանրային քննարկումներում ավելի հաճախ սկսել են գերակշռել անձնական վիրավորանքները, պիտակավորումները և կոշտ հռետորաբանությունը, ինչը, շատերի գնահատմամբ, բացասաբար է ազդում քաղաքական մշակույթի վրա։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս միտումը հատկապես խորացել է, և քաղաքական հակասությունները հաճախ տեղափոխվել են անձնական պայքարի տիրույթ։
Այս ֆոնին քաղաքական շրջանակներում հաճախ առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի վարքագիծը։ Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ շատերը նկատում են, որ իշխանության կողմից նրա հասցեին հնչած քննադատություններին, մեղադրանքներին և տարբեր բնույթի հարձակումներին ի պատասխան՝ Ծառուկյանը հիմնականում պահպանել է զուսպ ու հավասարակշռված կեցվածք։
Վերջին տարիներին իշխանական տարբեր ներկայացուցիչներ բազմիցս թիրախավորել են ոչ միայն Ծառուկյանին, այլ նաև նրա քաղաքական թիմին, բիզնես գործունեությանը և անգամ բարեգործական ծրագրերին։ Սակայն, ինչպես նկատում են քաղաքական դիտորդները, այդ ամենին ի պատասխան հանրությունը գրեթե չի լսել նույն ոճի անձնական վիրավորանքներ կամ փողոցային բառապաշար։
Past.am-ի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոճը մեծամասամբ կառուցված է կոշտ հակադրությունների վրա։ Նրա քաղաքական հռետորաբանության մեջ երկար ժամանակ գերակշռել են հասարակությունը բաժանող շեշտադրումները՝ «սևեր և սպիտակներ», «նախկիններ և ներկաներ», «յուրայիններ և հակառակորդներ» տրամաբանությամբ։ Այդ մեթոդաբանությունը կիրառվել է նաև քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ պայքարը հաճախ տեղափոխելով անձնական մակարդակ։
Սակայն Գագիկ Ծառուկյանի պարագայում, շատերի կարծիքով, այդ մոտեցումը ցանկալի արդյունք չի տվել։ Չնայած քաղաքական ու տեղեկատվական ճնշումներին՝ նա հիմնականում խուսափել է նույն հարթության վրա պատասխանելուց և պահպանել է ավելի զուսպ վարքագիծ։
Հայկական քաղաքական մշակույթում ինքնատիրապետումը միշտ դիտվել է որպես ուժի կարևոր դրսևորում։ Քաղաքական հասունությունը հաճախ չափվում է ոչ թե բարձրաձայն հայտարարություններով, այլ ճնշումների պայմաններում հավասարակշռություն պահպանելու կարողությամբ։ Եվ հենց այս տեսանկյունից շատերը նկատելի տարբերություն են տեսնում Փաշինյանի և Ծառուկյանի քաղաքական վարքագծի միջև։
Past.am-ի գնահատմամբ՝ այստեղ խոսքը միայն անձնական հարաբերությունների մասին չէ։ Խնդիրը նաև քաղաքական մթնոլորտի և պետական մտածողության մեջ է։ Երկրի ղեկավարի յուրաքանչյուր խոսք ու վարքագիծ անմիջական ազդեցություն ունեն հանրային միջավայրի վրա։ Երբ քաղաքական դիսկուրսում գերակշռում են վիրավորանքներն ու թշնամանքի տարրերը, դա աստիճանաբար անդրադառնում է նաև հասարակական հարաբերությունների վրա։
Այս պայմաններում զուսպ ու սահմաններ պահպանող վարքագիծը շատերի համար դառնում է ոչ պակաս ազդեցիկ քաղաքական ուղերձ, քան ամենաբարձր հնչող հայտարարությունները։ Հանրության զգալի հատվածը տեսնում է այդ հակադրությունը և ինքն է ձևավորում իր քաղաքական գնահատականները։
Քաղաքական պայքարը կարող է լինել կոշտ ու սկզբունքային, սակայն այն չի կարող արդյունավետ լինել, եթե ամբողջությամբ վերածվում է անձնական թշնամանքի և վիրավորանքների մրցույթի։ Իսկ երբ մի կողմը հետևողականորեն փորձում է մյուսին ներքաշել այդ դաշտ, բայց չի ստանում սպասված արձագանքը, դա ինքնին դառնում է քաղաքական կարևոր ազդակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



