Առեղծվածային կերպով անհետ կորած երեխաներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում տարիներ շարունակ շարունակում են որոնել անհետ կորած երեխաների, որոնց պատմությունները մինչ օրս մնում են առեղծվածային և չբացահայտված։
Վերջին աղմկահարույց դեպքերից մեկը կապված է հինգամյա Արինա Ուսոլցևայի և նրա ծնողների՝ Սերգեյի ու Իրինայի անհետացման հետ։ Ընտանիքը մեկնել էր Կուտուրչինսկոյե Բելոգորյեի շրջան՝ կարճատև արշավի, սակայն դրանից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։ Կամավորների, փրկարարների և իրավապահների մասնակցությամբ լայնածավալ որոնողական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել։
Սակայն սա միակ նման դեպքը չէ։ Տարիներ շարունակ Ռուսաստանում անհետացած երեխաների մի շարք գործեր շարունակում են չբացահայտված մնալ։
2010 թվականի հունիսին Պերմի երկրամասում անհետացել էր հինգամյա Կատյա Չետինան։ Նա ընտանիքի հետ հանգստանում էր Սիլվա գետի ափին և խաղում էր ծնողների մոտ, երբ հանկարծ անհետացավ։ Սկզբում ենթադրվում էր, որ երեխան կարող էր ընկնել գետը, սակայն ջրասուզակները մարմին չեն հայտնաբերել։ Փոխարենը ափին գտնվել էր աղջկա հողաթափն ու միայն մեկ հետք, որը հեռանում էր գետից։
Տարիների ընթացքում ընտանիքը բազմիցս ստացել է տարբեր հաղորդագրություններ և հնարավոր հետքերի մասին տեղեկություններ։ Նույնիսկ մի տեսանյութ էր ուղարկվել, որտեղ երևացող դեռահաս աղջիկը նման էր մեծացած Կատյային, սակայն գործը մինչ օրս մնում է չբացահայտված։
Մեկ այլ խորհրդավոր դեպք տեղի է ունեցել 2009 թվականին Սարով փակ քաղաքում, որտեղ անհետացել էր 10-ամյա Լիզա Տիշկինան։ Դպրոցից հետո նրան վերջին անգամ տեսել էին մարզադաշտի մոտ։ Քաղաքում իրականացվել էին աննախադեպ որոնողական գործողություններ, ստուգվել էին մեքենաները, անգամ չորացվել էր տեղի գետի մի հատվածը, սակայն աղջկան այդպես էլ չեն գտել։
Լիզայի մայրը մինչ օրս շարունակում է սոցիալական ցանցերում հրապարակումներ անել և հավատալ, որ դուստրը դեռ կենդանի է։
2008 թվականին Օմսկում անհետացել էր 13-ամյա Դաշա Նեկրասովան։ Աղջիկը դպրոցից հետո տուն չէր վերադարձել։ Ավելի ուշ նրա հեռախոսը վնասված վիճակում հայտնաբերվել էր ջրհորի մոտ։ Քննիչները եկել էին եզրակացության, որ աղջիկը, հավանաբար, առևանգվել է, սակայն նրա հետքերը նույնպես կորել են։
2010 թվականին Տյումենում անհետացել էր 12-ամյա Անյա Անիսիմովան։ Դպրոց գնալու ճանապարհին նրա հետքերը կորչել էին քաղաքի փողոցներից մեկում։ Ըստ ականատեսների՝ աղջկան վերջին անգամ տեսել էին կանաչ «Լադա» մակնիշի մեքենայի մոտ։ Նրա անհետացումը մեծ արձագանք էր ստացել և նույնիսկ դարձել կամավորական որոնողական խմբի ստեղծման պատճառ, սակայն տարիներ անց էլ աղջկան չեն գտել։
Նույն թվականին Վոլգոգրադի մարզում անհետացել էր նաև չորսամյա Մաքսիմ Կորոլյովը։ Տղան դուրս էր եկել տնից՝ վառելափայտ բերելու և այլևս չէր վերադարձել։ Ոստիկանությունը, փրկարարներն ու կամավորները մանրակրկիտ ուսումնասիրել էին տարածքը, ստուգել տները, անտառներն ու գետի ափերը, սակայն որոնումները արդյունք չէին տվել։
Մասնագետները հիշեցնում են, որ երեխայի անհետացման դեպքում ամենակարևորն արագ արձագանքելն է։ Որոնողափրկարարական խմբերի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել իրավապահներին, փոխանցել երեխայի բոլոր տվյալները և հնարավորինս արագ ներգրավել կամավորներին։
Չնայած տարիների անցնելուն՝ անհետ կորած երեխաների ընտանիքները շարունակում են սպասել և հավատալ, որ մի օր կստանան պատասխաններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



