Ընտրություններից առաջ վտանգավոր ազդակներ․ արդյո՞ք նոր բախումներ են սպասվում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին կրկին ակտիվացել է իշխանության ներկայացուցիչների ու նրանց աջակիցների կողմից հաճախ հնչող այն թեզը, թե նախկինում նման իրավիճակներում մարդկանց կհետապնդեին, կծեծեին կամ կճնշեին, մինչդեռ այժմ, նրանց պնդմամբ, երկրում ժողովրդավարություն է հաստատված։
Սակայն վերջին օրերի իրադարձությունները այլ պատկեր են ներկայացնում։ Մասիսում և Արթիկում տեղի ունեցած միջադեպերը, երբ մարդկանց նկատմամբ կիրառվել է բռնություն, արձանագրվել են խմբակային հարձակումների և ագրեսիվ վարքագծի դեպքեր։ Հաղորդվում է նաև, որ հարձակման թիրախում հայտնվել է անգամ հղի կին։ Այս դեպքերի մասնակիցների քաղաքական համակրանքների մասին հանրային դաշտում տարբեր գնահատականներ են հնչում, սակայն փաստը մնում է փաստ՝ հասարակական լարվածությունը գնալով խորանում է։
Ընդ որում, ընտրարշավի ավարտին դեռ մի քանի օր կա, և մտահոգություններ կան, որ նման միջադեպերը կարող են կրկնվել նաև առաջիկա օրերին, այդ թվում՝ քվեարկության ընթացքում։ Այդ պատճառով կարևոր է, որ իրավապահ մարմինները առավելագույն զգոնություն ցուցաբերեն թե՛ ընտրատեղամասերում, թե՛ դրանց հարակից տարածքներում՝ ապահովելով օրենքի գերակայությունն ու հասարակական կարգը։
Ինչո՞ւ է ստեղծվել նման մթնոլորտ։ Շատերի գնահատմամբ՝ դրա պատճառներից մեկը քաղաքական խոսույթի կոշտացումն է։ Քննադատները նշում են, որ երբ երկրի ղեկավարի կողմից պարբերաբար հնչում են սպառնալիքներ, վիրավորական կամ ագրեսիվ ձևակերպումներ, դա կարող է ազդել նաև կողմնակիցների վարքագծի վրա՝ նպաստելով անհանդուրժողականության և բախումների խորացմանը։
Այս տեսանկյունից դիտարկելով իրավիճակը՝ կարելի է ասել, որ քաղաքական դաշտում ատելության և հակադրության խորացումը իր հետևանքներն է ունենում նաև հասարակական հարաբերություններում։ Երբ վերևից տրվում են կոշտ ու ագրեսիվ ուղերձներ, դրանք հաճախ ընկալվում են որպես թույլատրելի վարքագծի օրինակ։
Իսկ եթե անդրադառնանք նախկինների ու ներկաների համեմատություններին, ապա ընդդիմախոսները պնդում են, որ այն բազմաթիվ բացասական երևույթները, որոնց համար տարիներ շարունակ քննադատվում էին նախկին իշխանությունները, ոչ միայն չեն վերացել, այլ որոշ դեպքերում ավելի են խորացել։ Նրանք հիշեցնում են պատերազմի մարդկային ծանր կորուստները, տարբեր աղմկահարույց քրեական ու քաղաքական պատմությունները, ընդդիմադիրների նկատմամբ կիրառված ճնշումների մասին հնչող մեղադրանքները և մի շարք այլ դեպքեր, որոնք շարունակաբար մնում են հանրային քննարկումների կենտրոնում։
Այս ամենի ֆոնին հասարակության մի հատվածի մոտ առաջանում է հարց՝ եթե քաղաքական լարվածությունը շարունակի աճել նույն տեմպերով, ապա ի՞նչ զարգացումներ կարող են սպասվել առաջիկայում։ Շատերի համար այդ հեռանկարը մտահոգիչ է և նույնիսկ վախեցնող։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



