Թուրքիայի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել Անկարայի պայթյունի մեղավորների հարցի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) պատգամավորների միջեւ ծեծկռտուքի հասած վիճաբանություն է տեղի ունեցել Անկարայում պայթյունի մեղավորների հարցի շուրջ:
AKP-ական պատգամավոր Շամիլ Թայյարը խստորեն քննադատել է CHP-ից պատգամավոր Էրեն Էրդեմին այն բանի համար, որ վերջինս սոցիալական մամուլում հայտարարել է, որ ահաբեկչության հեղինակը «Իսլամական պետութուն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն է: Էրդեմը փորձել է մոտենալ ամբիոնին եւ հիմնավորել իր համոզմունքը, սակայն AKP-ական պատգամավորները հարձակվել են նրա վրա եւ ծեծել: Խոհրդարանի նախագահը հարկադրված է եղել նիստը 30 րոպեով հետաձգել:
Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի մեղավորների հարցում դեռեւս հստակ համոզվածություն չկա ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունը հայտարարել են, որ հարձակման համար պատասխանատու են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), սիրիացի քրդերի Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG) եւ Դեմոկրատական միասնություն կուսակցությունը (PYD): Սակայն PYD համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքել էր այդ պնդումները:
Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենք դեռեւս չեն բացահայտել, թե Անկարայում պայթյունն ովքեր են իրագործել:
Նման կարծիք է հայտնել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին` նշելով, որ Անկարայի պայթյունի մեղավորին հայտնաբերելը ներկայում «բաց հարց» է:
Էրդողանն ու Դավութօղլուն պնդել էին, որ հարձակման հեղինակը YPG-ի լինելը «բացահայտ» է եւ կոչ էին արել ԱՄՆ-ին YPG-ին «ահաբեկչական» ճանաչել:
Անկարայում փետրվարի 17-ին թուրքական խորհրդարանի, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ զինվորական հանրակացարանի շենքերի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով սպանվել է 28 (որից 20-ը` բարձրաստիճան ռազմական օդաչուներ), վիրավորվել 61 քաղաքացի:



