Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
КУЛЬТУРАԳեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Բաղրամյան 3 շենքի բակում կառուցվել է պուրակ՝ նվիրված 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, պուրակի գաղափարը, որը կյանքի է կոչվել հայրենի բնակավայրում՝ Հարություն Ավանեսյանի և համախոհների միջոցով, ծննդով գագարինցի, ՌԴ-ում բնակվող Նորայր Պողոսյանինն է:
«Գագարին բնակավայրը 44-օրյա պատերազմում ունեցավ յոթ կորուստ, որոնց հիշատակը հավերժացվել է նաև 2021թվականին: Երախտապարտ գագարինցին` ի դեմս Ավանեսյանների ընտանիքի, նախաձեռնեց և իրականացրեց աստվածահաճո ու սպասված ձեռնարկ: Գագարինցիներին և հյուրերին դիմավորում է հուշախաչքար-աղբյուրը` «պատմելով» Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Ռադիկ Թորոսյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի, Լեռնիկ Վերանյանի սխրանքի մասին՝ փոխանցելով հայրենասիրության յուօրինակ դասեր:
Իսկ երկրորդ ձեռնարկով Գագարինում ավելացավ ևս մեկ պուրակ, որը ոչ միայն բարեսիրական գաղափարի ծնունդ է, այլ նաև հարգանքի տուրք անմահ հերոսներին և հիշողության լավագույն վայր»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։



