Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում
СПОРТՀայաստանի առաջին միավորը թիմին բերել է Անի Ամիրաղյանը՝ մեր հավաքականի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած թենիսիստուհին։ Անին անցկացրել է գերազանց խաղ և ջախջախիչ հաղթանակ տարել՝ 6։0, 6։0 հաշվով։
Երկրորդը կորտ է դուրս եկել Էլինա Ավանեսյանը։ Տիտղոսակիր մարզուհին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է իր առաջին հանդիպումը և անմիջապես կարևոր հաղթանակ պարգևել թիմին։ Բարդ պայքարում Էլինան ցույց է տվել իր բարձր կարգը և հաղթել 6։3, 6։2 հաշվով՝ ավելացնելով մեր հավաքականի երկրորդ միավորը։
Եզրափակիչ զուգախաղում Հայաստանը ներկայացրել են Ալինա Սողոմոնյանն ու Մարիա Ազիզյանը, որի համար այս հանդիպումը նույնպես դարձել է նորամուտ ազգային հավաքականում։ Երիտասարդ թենիսիստուհիները չեն հիասթափեցրել՝ վստահ խաղ ցուցադրելով, պահպանելով խաղի տեմպն ու հաղթելով երկու սեթում՝ 6։2, 6։2 հաշվով։
Այսպիսով, խաղային առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է խմբային աղյուսակը։ Սա ուժեղ, վստահ և ոգեշնչող մեկնարկ էր, որը ցույց տվեց մեր թենիսիստուհիների բնավորությունը, պրոֆեսիոնալիզմն ու մեծ ներուժը։
Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականին այս գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ և սպասում հաջորդ հանդիպումներին՝ Չեռնոգորիայի և Ալբանիայի հավաքականների դեմ։



