«Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Լեգենդար Parker գրիչի պատմությունն սկսվել է 1880-ականներին: Այն ժամանակ աղքատ ուսուցիչ Ջորջ Պարկերը ինչ-որ կերպ լրացուցիչ գումար վաստակելու համար սկսել է թանաքով գրիչներ վաճառել ուսանողներին և գործընկերներին: Բայց դրանք անորակ են եղել, և գնորդները հաճախ են բողոքել դրանցից: Չնայած այն բանին, որ Պարկերը զբաղվում էր միայն գրիչների վաճառքով, սակայն ստիպված էր երբեմն նաև վերականգնել վնասված գրիչները: Շուտով նա հոգնել է դրանից և միտք հղացել ստեղծել իր սեփական բարձրորակ գրիչի մոդելը: Լավագույն արտադրանք հորինելու ցանկությունը, գրիչներ պատրաստելու ունակությունը, ինչպես նաև տաղանդն ու աշխատասիրությունն օգնել են Պարկերին սկսել իր բիզնեսը: Արդեն 1892 թվականի մարտի 8-ին հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նրա սեփական ընկերությունը՝ Parker Pen Company-ին: Ջորջը գրիչի իր առաջին արտոնագիրը ստացել է 1889 թվականին: 1894 թվականին թանաքով գրիչների արդյունաբերության մեջ հեղափոխություն է տեղի ունեցել, և արտոնագրվել է «Lucky Curve» գրիչը: Լուծվել է այդ տարիների գրիչների կարևորագույն խնդիրներից մեկը՝ դրանցից թանաքի արտահոսքը, որը փչացնում էր հագուստը և պայուսակները: «Lucky Curve» -ի ներդրմամբ ընկերության վաճառքները արագորեն աճել են: Այդպիսի հաջողությունը ուժ է տվել Ջորջ Պարկերին՝ գրիչների համար ավելի ու ավելի կատարյալ մեխանիզմներ հորինելու համար: Այդպես ծնվել է թանաքի լիցքավորման նորարարական մեթոդը, որի շնորհիվ գրիչը լիցքավորվում էր առանց ձեռքերը թանաքոտելու՝ մխոցային մեխանիզմի օգնությամբ: Կատարյալ գրիչ ստեղծելը եղել է Պարկերի հիմնական նպատակը, որին նա անընդհատ ձգտում էր հասնել: Նրա ստեղծագործական մտքի մեկ այլ մարմնավորում էր Safety Cap-ը՝ անվտանգության գլխադիրը: Հետագայում անհրաժեշտություն է առաջացել սեփական տարբերակիչ նշանը ստեղծել, որպեսզի Parker գրիչն առաջին հայացքից տարբերվի այլ գրիչներից: Այն հայտնվել է 1916 թվականին: Դա նետաձև ամրակն է, որն այժմ էլ նույնն է մնացել: Parker գրիչների պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել 1921 թվականին նորարարական Parker Duofoldի կամ BIG RED- ի թողարկմամբ: Դա «Պարկեր» ընկերության պատմության մեջ նոր մակարդակ է նշագծել: Գրիչի մարմինը ներկվել է կարմիր-նարնջագույնով, որն արտացոլել է այդ տարիների նորաձևության միտումները: Parker Duofold- ը դարձել է նորաձև իր, որը մարմնավորում է 20-րդ դարի սկզբի վերջին տեխնոլոգիական նվաճումները: BIG RED- ի արժեքը հասնում էր մինչև 7 դոլարի: Այդ գինն ավելի բարձր էր, քան մյուս գրիչներինը, բայց դա չի ազդել ժողովրդականության վրա, և պահանջարկը միայն աճել է: Բացի այդ, արտադրողը հատուկ շուկայավարման ռազմավարություն է գործածել և սկսել յուրաքանչյուր նման գրիչի համար տալ 25 տարվա երաշխիք: Դա նաև ծառայել է որպես ապրանքի լավ որակի ցուցիչ: Parker գրիչները հայտնի են եղել պետական պաշտոնյաների, բանկերի պաշտոնյաների, ինժեներների և գրողների շրջանում: Պարկերի զարգացումը կանգ չի առել, և 1931 թվականին որոշում է կայացվել արտադրել նոր ապրանք` Quink թանաք: Սա ընկերության կողմից ճիշտ քայլ էր, քանի որ գրիչների հեղինակությունն աճել էր, և կարելի էր մտածել թանաքի որակը բարելավելու մասին: Իր բնութագրերով Quink- ը շահեկանորեն տարբերվել է այլ թանաքներից՝ արագ է չորանում, արագ և հեշտությամբ էլ մաքրվում է մատներից և հագուստից:
Parker Pen ընկերությունն ունի մեծ թվով գրիչների մոդելներ, որոնք իսկապես լեգենդար են դարձել: Parker 51-ը թողարկվել է 1941 թվականին և հնարավորություն էր տալիս անգամ ինքնաթիռով թռչելիս գրել: Բայց դա չէ նրա անհավատալի համբավի հիմնական պատճառը, այլ այն, որ այն Դուայթ Էյզենհաուերի ձեռքին էր, երբ նա ստորագրել է գերմանացիների կապիտուլ յացիան 1945 թվականին: Նույն գրիչով գեներալ ՄակԱրթուրը ստորագրել է Ճապոնիայի կապիտուլ յացիան: Parker գրիչներից ամենավաճառվողը եղել է Parker 45-ը, որը հայտնվել է 1960 թվականին: Միայն առաջին քսան տարում վաճառվել էր դրա ավելի քան 75 միլիոն օրինակ:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



