2015 թվականի սեպտեմբերից Միջերկրական ծովում 340-ից ավելի փախստական երեխաներ են խեղդվել. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕ2015 թվականի սեպտեմբերից Միջերկրական ծովում խեղդվել են Եվրոպա ուղեւորվող փախստականների 340-ից ավելի երեխաներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության, Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 19-ին Ժնեւում հրապարակված համատեղ հայտարարության մեջ, որոնք համաշխարհային հանրակցությանը հորդորել են միջոցներ ձեռնարկել «հակամարտություններից եւ անհուսությունից փախած մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»:
«Սեպտեմբերից, երբ փոքրիկ Այլան Քուրդիի ողբերգական մահն իր վրա բեւեռեց աշխարհի ուշադրությունը, ավելի քան 340 երեխաներ, որոնցից շատերը նորածիններ Էին, եւ նրանք, ովքեր հազիվ Էին քայլել սովորել, խեղդվել են Միջերկրական ծովի արեւելյան ջրատարածքում»,-նշում են հայտարարության հեղինակները, ընդգծելով, որ մահացության իրական վիճակագրությունը «կարող Է նույնիսկ ավելի մեծ լինել, քանի որ զոհված երեխաների մարմինները կորել են ծովում»:
Բացի այդ, հայտարարության մեջ նշվում Է, որ երեխաներն այժմ կազմում են Թուրքիայով Եվրոպա ուղեւորվող փախստականների եւ միգրանտների 36 տոկոսը: 2016 թվականի առաջին վեց շաբաթվա ընթացքում «արեւելյան միջերկրածովյան այս երթուղով» Հին աշխարհ Է հասել 80 հազար մարդ: Ընդ որում խեղդվել Է 410 մարդ, ինչը 35 անգամ ավելի Է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



