Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգիական Անտվերպեն քաղաքի տասնհարկանի բնակելի շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 10:00-ին, Լինկերուվեր թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքի ութերորդ հարկում։
Ականատեսները տեսանկարահանել են շենքի վերևում բարձրացող սև ծխի թանձր ամպերը։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է բնակիչներից մեկը, փրկվելով կրակից ու ծխից, սեփական պատշգամբից պատուհանով անցնում հարևան բնակարան։
Ոստիկանության տվյալներով՝ շենքում ապրում է ավելի քան 200 մարդ։ Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են մի քանի զոհերի մարմիններ։ Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քիմ Բաստիենսի խոսքով՝ հրդեհը «ծանր հետևանքներ է թողել» Լինկերուվերի բնակիչների համար։ Նա նաև հայտնել է, որ տուժածների մի մասը ստացել է լուրջ վնասվածքներ, իսկ մյուսների վնասվածքներն ավելի թեթև են։
Շենքի բնակիչ Գերտ Դեվուլֆը պատմել է, որ թանձր ծխի պատճառով չի կարողացել ինքնուրույն լքել բնակարանը։
«Մենք բարիկադավորվեցինք բնակարանում և դուրս եկանք պատշգամբ։ Մոտ տասը րոպե անց հրշեջները սանդուղքով բարձրացան մեզ մոտ և տարհանեցին մեզ»,- պատմել է նա բելգիական հեռուստաալիքին։
Հրշեջները հայտնել են, որ շարունակում են շրջել բնակարաններով՝ հնարավոր այլ տուժածների հայտնաբերելու համար։ Նրանց խոսքով՝ թանձր ծուխը շատ արագ տարածվել է ամբողջ շենքով՝ զգալիորեն դժվարացնելով բնակիչների տարհանումը։
Տարհանվածներից մեկն էլ պատմել է, որ իր հարազատները, այդ թվում՝ Անտվերպենի նախկին քաղաքապետ Բոբ Կոոլսը, բարեհաջող դուրս են բերվել շենքից և տեղափոխվել հիվանդանոց։
Նրա խոսքով՝ չնայած գործադրված բոլոր ջանքերին, ընտանի կատվին փրկել չի հաջողվել։
Հրդեհի պատճառները դեռևս պաշտոնապես հաստատված չեն։ Ոստիկանությունից ընդգծել են, որ հետաքննությունը դեռ սկզբնական փուլում է։ Այդուհանդերձ, մի քանի ականատեսներ «De Standaard» թերթին հայտնել են, որ հրդեհից կարճ ժամանակ առաջ շենքի տանիքին շինարարական աշխատանքներ են իրականացվելիս եղել։
Անտվերպենի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարի դե Կլերկը պատահարն անվանել է բարդ՝ նշելով, որ ուժեղ ծխապատվածությունն ու տեսանելիության ծայրահեղ վատ մակարդակը զգալիորեն դժվարացրել են կրակի դեմ պայքարը։
Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և իր աջակցությունը հայտնել շենքի բոլոր այն բնակիչներին, որոնք Լինկերուվերում տեղի ունեցած «սարսափելի հրդեհից» հետո ստիպված են եղել լքել իրենց բնակարանները։
Հետևեք մեզ՝ այստեղ



