Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
vesti.ru–ն «Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի և որոշ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության ամբողջական ոլորտներ կարող են կորցնել իրենց դիրքերը, իսկ մի շարք ձեռնարկություններ կարող են սնանկանալ։ Այդ կանխատեսումն է vesti.ru լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արել Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի միջազգային բիզնեսի ամբիոնի դոցենտ Անաստասիա Պրիկլադովան։
Նա նշել է, որ Հայաստանի ամբողջ տնտեսությունը փլուզման վտանգի տակ չէ, վտանգի տակ է միայն գյուղատնտեսական ոլորտը։ «Եթե խոսքը երկարաժամկետ հեռանկարի մասին է, ապա դա միայն կոնկրետ մրգի և բանջարեղենի մշակությանն ու ձկնաբուծական ձեռնարկություններին չի վերաբերում։ Կան նաև դրանց հետ կապված ոլորտներ, այն է՝ բեռնափոխադրումները, հումքի, ձկան կերերի և պարարտանյութերի մատակարարները։ Հետևաբար, իհարկե, տնտեսությունը կարող է չփլուզվել գլոբալ մակարդակով, բայց երկարաժամկետ հեռանկարում ամբողջական ոլորտներ կարող են պարզապես կորցնել իրենց դիրքերը, կլինի բիզնեսի սնանկացում և, հետևաբար, սթրես տնտեսության մեջ և, ընդհանուր առմամբ, սոցիալական ոլորտում», - նշել է փորձագետը։
Պրիկլադովան նաև ասել է, որ դեպի Ռուսաստան մատակարարումների սահմանափակումների պատճառով Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի ավելի քան 2 %-ը։ Նրա կարծիքով, վնասը շատ ավելի մեծ կլինի այն պատճառով, որ սահմանափակումները մտցվել են համապատասխան ապրանքների սեզոնի գագաթնակետին, այլ ոչ թե ձմռանը։
Փորձագետը նաև կասկածներ է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իր ուշադրությունը կենտրոնացնել ՏՏ ոլորտի զարգացման վրա և դառնալ տեխնոլոգիական հզորություն։ Պրիկլադովան կարծում է, որ նույնիսկ Արևմուտքի աջակցությունը չի լուծի խնդիրները։ «Հնարավոր է, որ նման դիրքորոշում է տարածվում Հայաստանում, բայց, հասկանալիորեն, քիչ հավանական է, որ գյուղացին սկսի աշխատել ՏՏ ոլորտում կամ դառնա ինժեներ։ Գործազրկությունը կդառնա խնդիր։ Իհարկե, ներդրումներ կարող են լինել, և հնարավոր է, որ լինեն։ Եթե Հայաստանը կողմնորոշվի դեպի արևմտյան շուկաներ, ապա արևմտյան ներդրումներ կլինեն, բայց, միևնույնն է, դա խնդիրները չի լուծի», նշել է Պրիկլադովան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



