Մատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզի
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մխիթար Սեբաստացու 350 ամյակի շրջանակում մեկնարկում է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունը
Այս նպատակով Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, ժամանել է Սուրբ Ղազար կղզի:
Առաքելության մեկնարկն իրականացվում է Մատենադարանի տնօրենի լիազորված ներկայացուցիչ Հովհաննես Առաքելյանի և Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի գործուն աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ։
Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը։
Առաքելության մասնագիտական աշխատանքներում ընդգրկված են Մատենադարանի ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանը և Արթուր Պետրոսյանը, որոնք հուլիսի 9–19-ը կիրականացնեն մշտադիտարկման առաջին փուլը։ Այն ներառում է ձեռագրերի պահպանական վիճակի գնահատում, պահպանական միջավայրի ուսումնասիրություն, ռիսկերի վերհանում, առաջնահերթ միջամտությունների սահմանում և հետագա համագործակցության ծրագրի մշակման համար անհրաժեշտ մասնագիտական տվյալների հավաքագրում։
Առաքելությունը շարունակությունն է Մատենադարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության միջև ձևավորված ռազմավարական համագործակցության։ Անցյալ տարի Սուրբ Ղազարում Մատենադարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղադրվել է ձեռագրերի թվայնացման համակարգ։
Վենետիկյան այս առաքելությունը նաև արտահայտությունն է Մատենադարանի երկարաժամկետ ռազմավարության, որի նպատակն է աջակցել հայկական հոգևոր և ձեռագրական կենտրոններին՝ գրավոր ժառանգության պահպանության, վերականգնման, թվայնացման և մասնագիտական կարողությունների զարգացման գործում։ Այդ ռազմավարությամբ Մատենադարանը ձգտում է իր գիտական, վերականգնողական և տեխնոլոգիական ներուժը ծառայեցնել ոչ միայն սեփական հավաքածուների, այլև աշխարհի տարբեր հայկական կենտրոններում պահպանվող ձեռագրական ժառանգության պահպանությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



