Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի սրտում հուլիսի 10–12-ը նշվեց տարվա ամենասպասված ու ամենաջրառատ տոնը՝ Կողբ-Վարդավառը։
Այս տարի փառատոնն անցկացվեց «Սերիկ և Ջրիկ» խորագրով։ Անվանումը ոգեշնչված է Կոմիտասի համանուն բանաստեղծությունից, որտեղ սերը խորհրդանշում է միասնությունը, իսկ ջուրը՝ ազատությունը։
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում նշեց, որ այս ձևաչափով փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ տարին։ «Յուրաքանչյուր տարի հետաքրքրությունն ավելի է մեծանում փառատոնի նկատմամբ։ Միջինում ունենում ենք 10–12 հազար այցելու։ Հյուրեր են գալիս նաև հարևան Վրաստանից և Իրանից, իսկ այս տարի զգալի էր նաև այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների հոսքը»,- ասաց հիմնադրամի տնօրենը՝ հավելելով, որ միջոցառումը ոչ միայն ժամանցային բնույթ ունի, այլև կարևոր մշակութային ուղերձ և տնտեսական նշանակություն։
Երեք օր շարունակ՝ հուլիսի 10–12-ը, Կողբ-Վարդավառի բեմը հյուրընկալեց տարբեր ժանրերի երաժշտական ծրագրեր։
Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» և «Սիմֆոնիկ ֆոլկ» համերգային ծրագրերը։
Ելույթ ունեցան նաև Գարիկն ու Սոնան, իսկ երեկոյան ժամերին տոնական տրամադրությունն ապահովեցին DJ Meyba & Hroove-ը, Marselina-ն և շոու-ծրագրերը։
Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ նաև Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի դիտումը։ Այնուհետև կայացավ հանդիպում-քննարկում ֆիլմի համանուն գրքի հեղինակի և ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորած Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ։
Փառատոնի անբաժանելի մասն էին նաև գաստրո և էքսպո գոտիները, որտեղ ներկայացված էին սննդի և խմիչքների բազմազան տեսականի, անցկացվում էին խոհարարական բաց դասեր, ինչպես նաև տեղական արտադրողների ցուցահանդես։ Արվեստի բացօթյա գոտում այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր վարպետաց դասերի՝ կավագործությունից մինչև գորգագործություն, ծանոթանալու արթ-ինստալյացիաներին և ստեղծագործական այլ նախաձեռնություններին։
Փառատոնի ամենասպասված պահը դարձավ ավանդական Վարդավառի ջրոցին, որը հայտնի DJ-ների երաժշտության, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ վերածվեց իսկական ժողովրդական տոնախմբության։
Հետևեք մեզ՝ այստեղ



