Ինչո՞ւ են քաղաքացիները կասկածի տակ դնում կառավարության գոյությունը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞...»
Վերջին օրերին շարունակվում են այն ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները, որոնց գործունեությունը դադարեցվել է։ Այդ հավաքներից մեկի ընթացքում հնչած մի արտահայտություն, թերևս, լավագույնս նկարագրեց մարդկանց տրամադրությունը. «Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞...»։
Այս խոսքերը շատերի համար դարձան ոչ միայն հուզական արձագանք ստեղծված իրավիճակին, այլև ավելի լայն հարցադրում՝ արդյո՞ք այսօր պետական կառավարման համակարգն իր հիմնական գործառույթներն իրականացնում է։
Քննադատների համոզմամբ՝ կառավարության առաջնային առաքելությունը երկրի տնտեսական և սոցիալական կայունության ապահովումն է, քաղաքացիների խնդիրներին արձագանքելը, աշխատատեղերի պահպանմանն ու զարգացմանը նպաստելը։ Սակայն, նրանց գնահատմամբ, վերջին իրադարձությունները հակառակ պատկերն են ցույց տալիս։
Հազարավոր մարդիկ հայտնվել են անորոշության մեջ՝ կորցնելով աշխատանքը կամ կանգնելով եկամտի կորստի վտանգի առաջ։ Շատ ընտանիքների համար սա նշանակում է ամենօրյա հոգսերի ավելացում՝ սկսած կոմունալ վճարներից մինչև վարկային պարտավորությունների կատարումը։
Միաժամանակ, վարչապետը գտնվում է արձակուրդում, ինչը հասարակության մի մասի մոտ դժգոհություն և բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Քննադատները նշում են, որ հենց նման իրավիճակներում է գործադիր իշխանությունից սպասվում առավել ակտիվ ներգրավվածություն, խնդիրների լուծման ուղիների որոնում և հանրության հետ բաց հաղորդակցություն։
Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ պետական կառավարման համակարգն այսօր ավելի շատ զբաղված է քաղաքական հակամարտություններով, քան սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծմամբ։ Նրանց կարծիքով՝ պետական ամբողջ ռեսուրսը կենտրոնացվում է քաղաքական պայքարի վրա, մինչդեռ երկրի առջև ծառացած բազմաթիվ հրատապ հարցեր մնում են երկրորդ պլանում։
Նրանք նաև նշում են, որ արդյունավետ կառավարումը չի սահմանափակվում միայն վարչական որոշումների ընդունմամբ։ Կառավարության հիմնական առաքելությունը մարդկանց կյանքի որակի բարելավումն է, տնտեսության բնականոն աշխատանքը, ներդրումային միջավայրի կայունությունը և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ապահովումը։
Երբ հասարակության տարբեր շերտեր սկսում են հարց տալ՝ «կառավարությունը կա՞», դա, ըստ քաղաքական մեկնաբանների, արդեն ինքնին վկայում է վստահության ճգնաժամի մասին։ Իսկ նման ճգնաժամի հաղթահարումը պահանջում է ոչ թե հայտարարություններ, այլ գործնական քայլեր և տեսանելի արդյունքներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



