Ереван, 04.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում գիտությունը դադարել է լինել զուտ ակադեմիական կամ մշակութային արժեք և վերածվել է պետությունների գոյատևման ու հզորության հիմնական բաղադրիչի։ Ավելին՝ գիտության մակարդակը դարձել է ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության և աշխարհաքաղաքական ազդեցության ուղղակի ցուցիչ։ Այն երկիրը, որն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել գիտելիք, արժանապատվորեն մասնակցել գիտատեխնիկական մրցավազքին և պահպանել իր մտավոր ներուժը, վաղ թե ուշ հայտնվում է կախվածության մեջ նրանցից, ովքեր այդ գիտելիքն ունեն։ Հենց այս տրամաբանությամբ է բացատրվում այն փաստը, որ գիտության ֆինանսավորումն այսօր դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ռազմավարական ներդրում, որի արդյունքները երբեմն երևում են տասնամյակների ընթացքում, բայց առանց որի պետությունն ի վիճակի չէ ապահովել իր ապագան։ Գիտության զարգացումը տալիս է մի շարք ուղղակի ու անուղղակի առավելություններ, որոնցից թերևս ամենակարևորը տնտեսական աճն է։ Նորարարական տեխնոլոգիաներ ստեղծող երկրները ձևավորում են բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք, ներգրավում են կապիտալ և պահպանում մրցունակ դիրքեր համաշխարհային շուկաներում։

Սրան զուգահեռ՝ արհեստական բանականության ոլորտում գրանցվող առաջընթացը փոխակերպում է գործնականում գործունեության բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունից մինչև կրթություն, պաշտպանություն և կառավարում, մինչդեռ կենսատեխնոլոգիաների և բժշկության զարգացումը հնարավորություն է տալիս լուծելու մարդկության համար ամենակարևոր՝ առողջության ու կյանքի տևողության հետ կապված խնդիրները։

Կանաչ էներգետիկային անցումը, որն այսօր դարձել է գրեթե բոլոր զարգացած երկրների ռազմավարական օրակարգի մասը, նույնպես ուղղակիորեն կախված է գիտական հետազոտություններից ու տեխնոլոգիական նորարարություններից։ Արդյունքում գիտելիքն ինքնին վերածվում է գլխավոր ռազմավարական ռեսուրսի, որի տիրապետումը կամ բացակայությունը որոշում է պետությունների տեղը համաշխարհային հիերարխիայում։

Գիտության ոլորտում ընթացող համաշխարհային մրցավազքը ներկայում հիմնականում կենտրոնացած է երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև, որոնք պայքարում են ոչ միայն տեխնոլոգիական առաջատարության, այլև դրանից բխող աշխարհաքաղաքական ու տնտեսական գերիշխանության համար։ Չինաստանի ռազմավարությունն այս մրցակցության մեջ հիմնված է հատկապես օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան առաջատար համալսարաններում ձևավորված գիտնականների ներգրավման վրա։ Պեկինը վերջին տարիներին մեծ ջանքեր ու ռեսուրսներ է ուղղում, որպեսզի աշխարհի առաջատար հետազոտողները տեղափոխեն իրենց գիտական գործունեությունը Չինաստան, և այս ռազմավարությունը սկսում է շոշափելի արդյունքներ տալ։ Թերևս ամենավառ ու ամենախորհրդանշական օրինակը 2025 թվականի քիմիայի Նոբել յան մրցանակակիր, հեղինակավոր գիտնական, քիմիկոս Օմար Յաղիի որոշումն է. Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) տասնամյակներ շարունակ գործունեություն ծավալելուց հետո նա 2026 թվականին հեռացավ ամերիկյան համալսարանից և ամբողջական աշխատանքի անցավ Պեկինի Ցինհուա համալսարանում։ Այս քայլը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում հենց այն պատճառով, որ այն խորհրդանշում է մի երևույթ, որը դեռ մի քանի տարի առաջ գրեթե անհավանական էր թվում։ Բայց Յաղիի օրինակը միակը չէ. նրան հետևում են այլ գիտնականների նմանատիպ որոշումներ, ինչը վկայում է այն մասին, որ երկարամյա կանխավարկածը, թե աշխարհի լավագույն գիտնականները միշտ ձգտելու են ամերիկյան համալսարաններ, այլևս արդիական չէ։

Այս զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգներում գիտության ու համալսարանների ֆինանսավորումը վերջին շրջանում որոշակիորեն կրճատվել է, ինչը որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես ամերիկյան գիտական համակարգի համար մարտահրավեր։

Այնուամենայնիվ, չնայած այս կրճատումներին, ԱՄՆ-ում շարունակում են գործել գիտության ու նորարարության զարգացման համար աշխարհում թերևս լավագույն պայմանները՝ զարգացած գիտահետազոտական ենթակառուցվածքներ, ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ, ուսումնական և գիտահետազոտական ազատություն, ինչպես նաև գիտության ու բիզնեսի սերտ կապ, ինչը հնարավորություն է տալիս գիտական հայտնագործություններն արագորեն վերածելու առևտրային արտադրանքի։

Երկու երկրների միջև մրցակցության գլխավոր ուղղություններն են արհեստական բանականությունը, քվանտային հաշվարկները, կենսատեխնոլոգիաները և առաջընթացի մյուս ամենանորարար ու ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը, որտեղ առաջատարությունը մոտակա տասնամյակների ընթացքում մեծապես որոշելու է համաշխարհային տնտեսական ու ռազմական հավասարակշռությունը։ Սակայն կարևոր է նշել, որ գիտության ոլորտում մեծ ազդեցության հասնելու հնարավորությունը վերապահված չէ միայն գերտերություններին։ Պատմությունը և ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ համեմատաբար փոքր երկրներն էլ կարող են գիտության միջոցով ձեռք բերել աներևակայելիորեն մեծ ազդեցություն ու տնտեսական հզորություն, եթե ճիշտ են կառուցում իրենց ռազմավարությունը։

Իսրայելը, Սինգապուրը և Շվեյցարիան դասական օրինակներ են այն բանի, թե ինչպես կարելի է, չունենալով մեծ տարածք, բնական ռեսուրսներ կամ մեծաքանակ բնակչություն, դառնալ գիտատեխնոլոգիական առումով առաջատար՝ պարզապես գիտության, կրթության և նորարարության հանդեպ հետևողական ու երկարաժամկետ մոտեցման միջոցով։ Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ որոշիչը ոչ թե երկրի չափն է կամ բնական ռեսուրսների առկայությունը, այլ պետական քաղաքականության հետևողականությունը, մարդկային կապիտալի ներդրումը և գիտության հանդեպ իրական, այլ ոչ թե ձևական վերաբերմունքը։

Միաժամանակ, թեև վերջին շրջանում համաշխարհային քննարկումներում գերակշռում է բնական ու տեխնիկական գիտությունների կարևորությունը՝ հատկապես նրանց տնտեսական մոնետիզացիայի ներուժի պատճառով, հասարակական գիտությունների դերն ու նշանակությունը նույնպես նոր որակի մեջ են մտնում։ Հասարակագիտական հետազոտությունները՝ սոցիոլոգիայից մինչև քաղաքագիտություն և պատմություն, կարևոր դեր են խաղում ազգային ինքնության ձևավորման, հանրային գիտակցության զարգացման, աշխարհայացքի կերտման և, ի վերջո, մրցունակ ու պատասխանատու քաղաքացիների ձևավորման գործում։ Այս ուղղություններն են, որ ապահովում են այն ներքին կայունությունն ու համախմբվածությունը, առանց որի նույնիսկ ամենառադիկալ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող վերածվել կայուն պետական հզորության։

Հայաստանի պարագայում իրավիճակն ունի իր առանձնահատուկ «անկյունները»։ Մեր երկրում գիտության մասին խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին, իսկ արված համեմատաբար փոքր քայլերի նշանակությունը հաճախ արհեստականորեն ուռճացվում է՝ ստեղծելով առաջընթացի պատրանք այնտեղ, որտեղ իրական համակարգային փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Իրականում, որպեսզի Հայաստանը վերածվի իսկապես մրցունակ ու դինամիկ պետության, անհրաժեշտ է գիտությանն ուշադրություն դարձնել այնպիսի մասշտաբով ու լրջությամբ, որը մինչ այժմ բացակայել է։

Ընդ որում, այս ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն այն ուղղություններով, որոնք կարճաժամկետ հեռանկարում կարող են ապահովել տնտեսական օգուտ և ուղղակի եկամուտ։ Հասարակագիտական ուղղություններին ուշադրություն դարձնելը, թեև այն ուղղակիորեն չի մոնետիզացվում ու հաճախ դժվար է չափելի տնտեսական արդյունքի վերածել, ունի ոչ պակաս կարևոր դերակատարություն՝ պետության երկարաժամկետ զարգացման, օրինապահ վարքագծի ձևավորման և բարձր ինքնագիտակցություն ու հստակ ձևավորված ինքնություն ունեցող քաղաքացիների կերտման տեսանկյունից։

Կարևոր է նաև հասկանալ, որ գիտության զարգացումը սկզբունքորեն երկարատև և մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, որի արդյունքները երբեք չեն երևում անմիջապես։ Այս ոլորտում կատարվող ներդրումները պետք է ունենան հստակ երկարաժամկետ հեռանկար, և պետությունը չպետք է սպասի, որ մեկ-երկու տարվա ընթացքում կատարված ներդրումներից պետք է ստացվեն շոշափելի ու տպավորիչ արդյունքներ։ Գիտության ոլորտում հապճեպ, կարճաժամկետ մտածողությունը գրեթե միշտ հանգեցնում է կա՛մ ձևական, առանց իրական բովանդակության արդյունքների, կա՛մ էլ, ընդհանրապես, ներդրումների դադարեցման հենց այն պահին, երբ սկսում են երևալ առաջին լուրջ արդյունքները։

Սրան զուգահեռ՝ չափազանց կարևոր է, որ գիտության ոլորտը դառնա իսկապես գրավիչ ինչպես երիտասարդ, նոր սերնդի գիտաշխատողների, այնպես էլ արդեն ոլորտում երկար տարիներ ներգրավված, փորձառու մասնագետների համար։ Եթե պետությունը չգնահատի իր գիտնականներին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդանշական իմաստով, նրանք, բնականաբար, կհեռանան իրենց մասնագիտական գործունեությունից կամ էլ կընտրեն այլ երկրներ, որտեղ իրենց աշխատանքն ավելի բարձր է գնահատվում։ Իսկ սա շատ ցավալի հարված կլինի ազգային գիտությանը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, որակյալ գիտնական պատրաստելը տասնամյակների ընթացքում կուտակվող գիտելիքի, փորձի ու ներդրումների արդյունք է, և այդ կապիտալի կորուստը գործնականում անհնար է արագ վերականգնել։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև գիտական արդյունքների գնահատման մոտեցումը։ Անհրաժեշտ է հիմնվել ոչ թե զուտ քանակական չափորոշիչների, այլ որակական գնահատականների վրա։ Այլ կերպ ասած՝ գիտնականը կարող է ձևականորեն ստեղծել մեծածավալ գիտական բազա, հրապարակել բազմաթիվ հոդվածներ, սակայն այդ աշխատանքն իրականում կարող է չունենալ իրական արդիականություն, չպարունակել որևէ նոր, օրիգինալ գիտելիք կամ նույնիսկ արդեն ժամանակավրեպ լինել, մինչդեռ պաշտոնական քանակական ցուցանիշների տեսանկյունից նման գիտնականը կարող է ձևականորեն գերազանցել իր գործընկերներին։ Այսինքն, առաջնահերթությունը պետք է տրվի որակական կողմին։ Նախընտրելի է համեմատաբար ավելի փոքրածավալ, բայց իսկապես արդիական, նոր գիտելիք պարունակող և գործնականում օգտակար գիտական բազան, քան մեծածավալ, բայց բովանդակային առումով քիչ արժեք ներկայացնող արդյունքը։

Զուգահեռաբար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գիտության որոշ ճյուղեր առանձնահատուկ բնույթ ունեն և պահանջում են հատուկ, նպատակային ուշադրություն ու աջակցություն, որը չի կարող կրկնօրինակվել այլ ուղղությունների նկատմամբ կիրառվող ընդհանուր մոտեցումներով։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ կատարվող քայլերի հաջորդականությունը. նախ՝ պետք է հասնել համակարգի պահպանմանը, այսինքն՝ ապահովել, որ արդեն կատարված աշխատանքը, կուտակված գիտական փորձն ու ինստիտուցիոնալ հիշողությունը չկորչեն, և միայն դրանից հետո անցում կատարել գիտության իրական զարգացմանն ու ընդլայնմանը։ Հենց այս հաջորդական մոտեցման արդյունքում է հնարավոր, որ Հայաստանը կարողանա իսկապես դառնալ մրցունակ երկիր գիտության ոլորտում։

Մարդկային կապիտալի առումով Հայաստանն ունի կարևոր, բայց դեռևս լիարժեք չօգտագործված առավելություն։ Ու պատահական չէ, որ շատ հայ մասնագետներ ստիպված են լինում մեկնել արտասահման, որտեղ էլ հասնում են մեծ մասնագիտական հաջողությունների ու ճանաչման՝ հաճախ աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում։ Սա միաժամանակ և՛ խնդիր է, և՛ հնարավորություն. խնդիր է այն իմաստով, որ երկիրը կորցնում է իր լավագույն մասնագետներին հենց այն պահին, երբ նրանք առավել արժեքավոր կդառնային ազգային գիտության զարգացման համար, բայց նաև հնարավորություն է, քանի որ ապացուցում է, որ խնդիրը ոչ թե մարդկային ներուժի բացակայությունն է, այլ ներքին պայմանների ու հնարավորությունների անբավարարությունը։ Եթե Հայաստանը կարողանա ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ գիտնականները կզգան իրական գնահատանք, կայուն ֆինանսավորում ու մասնագիտական աճի հեռանկար, ապա արտասահմանում հաջողության հասած հայ մասնագետների փորձն ու կապերը կարող են վերածվել ազգային գիտության զարգացման կարևորագույն ռեսուրսի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup Summit