Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի նոր խորհրդարանի ձևավորումը քաղաքական առումով կարող է նշանավորել ոչ միայն օրենսդրական աշխատանքի հերթական փուլը, այլև իշխանության և ընդդիմության միջև պայքարի նոր շրջանի սկիզբը։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների՝ մանդատներն ընդունելու որոշումը քաղաքական շրջանակներում դիտարկվում է որպես խորհրդարանական հարթակում պայքարը շարունակելու և իշխանությունների գործողություններին ներսից հակազդելու ընտրություն։
Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդարանը սովորական օրենսդրական գործունեությամբ չի սահմանափակվի։ Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ այն կարող է վերածվել իշխանության և ընդդիմության միջև սուր քաղաքական բանավեճերի, իրավական վեճերի և կարևոր քաղաքական գործընթացների հիմնական հարթակի։ Թեև խորհրդարանում մեծամասնությունը շարունակում է պատկանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ իշխանությունն իր տրամադրության տակ ունի նաև վարչական ռեսուրսներ, ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ իրենց նկատմամբ ճնշումները շարունակվում են և հետագայում կարող են ավելի ինտենսիվ բնույթ կրել։ Նրանց համոզմամբ՝ այդ նպատակով կարող են օգտագործվել պետական կառավարման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ իրավապահ համակարգը։
Այդուհանդերձ, ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ պատրաստվում են առավել ակտիվ գործունեության։ Նրանց կարծիքով՝ ստեղծված պայմաններում խորհրդարանում յուրաքանչյուր քննարկում, հարցուպատասխան և քաղաքական հայտարարություն կարող է կարևոր ազդեցություն ունենալ քաղաքական օրակարգի ձևավորման վրա։
Ընդդիմության գնահատմամբ՝ պայքարը չի սահմանափակվելու միայն Ազգային ժողովի աշխատանքով։ Կարևոր ուղղություններից մեկը լինելու է միջազգային կառույցների հետ համագործակցության ակտիվացումը և Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցերի ներկայացումը միջազգային հարթակներում՝ փորձելով ձևավորել արտաքին ուշադրություն և գնահատականներ։
Միաժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մարզերում և համայնքներում աշխատանքի շարունակականությանը։ Ընդդիմադիր շրջանակները նշում են, որ ընտրություններից հետո շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ, քննարկում տեղական խնդիրները և փորձում աջակցել դրանց լուծմանը՝ քաղաքական հայտարարություններից բացի իրականացնելով նաև գործնական աշխատանք։
Նրանց համոզմամբ՝ խորհրդարանական գործունեության, միջազգային ուղղությամբ տարվող աշխատանքի և քաղաքացիների հետ մշտական կապի համադրումը կարող է նպաստել ավելի կազմակերպված և ազդեցիկ ընդդիմության ձևավորմանը, որը ժամանակի ընթացքում կկարողանա ընդլայնել հանրային աջակցությունը և դառնալ երկրի քաղաքական գործընթացների կարևոր դերակատար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



