«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայկական բիզնես միջավայրում ձևավորվում է համագործակցության նոր և օրինակելի մշակույթ, որտեղ տեղական արտադրողներն ու ծառայություն մատուցողները միավորում են ուժերը՝ ստեղծելով փոխշահավետ էկոհամակարգ։ Դրա հերթական գործնական ապացույցն է «Արտ Լանչ» և «Քոֆի Հաուս» (Coffee House) ընկերությունների միջև մեկնարկած նոր գործընկերությունը։
«Արտ Լանչ» հանրային սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր սոցիալական էջերում տեղեկացրել է, որ այսուհետ «Արտ Լանչի» բոլոր սպասարկման կետերում մատուցվելու է բացառապես «Քոֆի Հաուսի» սուրճը։
Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Բ. Մելքոնյանն ընդգծել է տեղական բիզնեսների միջև համերաշխության և փոխօգնության կարևորությունը. «Ես հաճախակի ասում եմ, որ մի հայ գործարարը մյուս հայ գործարարին պիտի նայի որպես ոչ թե մրցակից, այլ որպես պոտենցիալ գործընկեր։ Այսօրվանից «Արտ Լանչի» բոլոր կետերում մատուցվելու է «Քոֆի Հաուսի» սուրճը»,- նշել է նա։
Գործարարը նաև առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել «Քոֆի Հաուսի» հաջողության պատմության վրա՝ այն համարելով երիտասարդական ձեռներեցության լավագույն մոտիվացիոն օրինակներից մեկը։ Ընկերությունը հիմնադրվել է երկու երիտասարդների կողմից, ովքեր տարիներ առաջ սկսել են իրենց գործունեությունը ընդամենը 200000 դրամի նախնական ներդրմամբ և, շնորհիվ աշխատասիրության, նորարարական մոտեցումների ու նվիրումի, կարողացել են կառուցել ճանաչելի և կայացած բրենդ։
Խոշոր ցանցի և արագ զարգացող երիտասարդական բրենդի այս միավորումը ոչ միայն նոր որակ է հաղորդելու հաճախորդների սպասարկմանը, այլև կարևոր ազդակ է տեղական շուկայի համար՝ ապացուցելով, որ միավորված միջոցներն ու համատեղ նախագծերը շատ ավելի մեծ արդյունք են տալիս, քան անհատական մրցակցությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



