ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի օրը Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, ռուսաստանյան ծագում ուներ, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ, ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ’Դոննելը, հայտնում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ, Ռումինիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել սարքի ծագումը։
«Դեպքի լրացուցիչ մանրամասները շարունակում են հետաքննության առարկա մնալ, սակայն, ըստ ամենայնի, անօդաչուն ռուսաստանյան էր», — ասել է Օ’Դոննելը։
Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մշտապես վերահսկում է օդային տարածքը և պատրաստ է պաշտպանել դաշինքը ցանկացած սպառնալիքից։
Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով, անօդաչուն ռադարներով հայտնաբերվել է այն բանից հետո, երբ Մոլդովայի կողմից մտել է երկրի օդային տարածք՝ Ռումինիայի հարավ-արևելքում գտնվող Գալացի քաղաքից մոտ 24 կիլոմետր հյուսիս։
Դրա որսալու համար ներգրավվել էր իսպանական F-18 կործանիչը, որը մարտական հերթապահություն էր իրականացնում ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելության շրջանակում։ Ռադիոլոկացիոն շփում հաստատելուց հետո օդաչուն թույլտվություն է ստացել զենք կիրառելու համար։ Սարքը ոչնչացվել է առավոտյան 5:01-ին, իսկ դրա բեկորները, ենթադրաբար, ընկել են երկու բնակավայրերի միջև գտնվող անմարդաբնակ տարածքում։
Սա արդեն չորրորդ անօդաչուն է, որը Ռումինիան խոցել է 2026 թվականին իր օդային տարածքը խախտելուց հետո։ Հուլիսին ռումինական F-16-ները նման խախտումների շարքից հետո առաջին անգամ խոցել էին երեք ռուսաստանյան անօդաչու։
ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան Ուկրաինայի հետ ունի 614 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման։ Վերջին տարիներին երկիրը բազմիցս արձանագրել է իր օդային տարածքի խախտումներ ռուսաստանյան անօդաչուների կողմից՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին։
Հետևեք մեզ՝ այստեղ



