Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների հարցին՝ հիշեցնելով, որ նախորդ ուսումնական տարվա ընթացքում նախարարության քաղաքականությունն այս ուղղությամբ հանրային քննարկումների և քննադատության առիթ էր դարձել։
Նախարարի խոսքով՝ դեռևս 2010 թվականից «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ երեխան պետք է դպրոց հաճախի, եթե մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ լրանում է նրա 6 տարին։ Սակայն գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց են գնացել սահմանված տարիքից ուշ։
2024 թվականին հաստատված և 2025-ից գործարկված նոր կարգավորմամբ ամրագրվել է՝ սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախելու դեպքում երեխայի ուսումնառությունը կազմակերպվում է իր տարեկիցներին համապատասխան դասարանում։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2025 թվականին՝ ծնողներին նախապես իրազեկելու նպատակով։
Նախորդ ուսումնական տարում նոր կարգավորումը վերաբերել է 469 երեխայի։ Նախարարության կողմից մշտադիտարկվել է այս երեխաների առաջադիմությունը՝ անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և երեխաների լավագույն շահը չվնասելու նպատակով։
«Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը ցուցաբերել է դրական առաջադիմություն։ Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն կարողացել են յուրացնել բաց թողածը, այլև հաջողությամբ իրենց տարեկիցների հետ միասին սովորում են նույն ծրագիրը, ավելին՝ այս երեխաների 47 տոկոսը գրանցել է գերազանց արդյունքներ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ առաջադիմության առումով որոշակի դժվարություններ արձանագրվել է հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մոտ։
Նախարարը ծնողների մտահոգությունները հասկանալի է համարել՝ միաժամանակ ընդգծելով, որ լավագույն լուծումը երեխաներին սահմանված տարիքում դպրոց ուղարկելն է։ Նրա խոսքով՝ իրականացվող քաղաքականության արդյունքում ծնողներն այս հարցում դարձել են ավելի հետևողական, և այս տարի ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է։
Հետևեք մեզ՝ այստեղ



