Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տոլյատիի «Ակրոնն» ու Երևանի «Փյունիկը» համաձայնության են եկել կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի տրանսֆերի շուրջ։
21-ամյա ֆուտբոլիստի հետ ռուսական ակումբը կնքել է հինգ տարվա պայմանագիր:
Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն ունի նաև եվրագավաթային փորձ. նրա ակտիվում Կոնֆերենցիաների լիգայում անցկացրած 5 խաղ կա: Վարձավճարով հանդես գալով ԲԿՄԱ-ի կազմում՝ նա մասնակցել է 53 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 1 ասիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում երիտասարդ խաղացողն արդեն հասցրել է անցկացնել երեք հանդիպում:
«Մենք տևական ժամանակ աշխատում ենք տրանսֆերային շուկայում, և Կառլեն Հովհաննիսյանի հետ պայմանագրի կնքումը այդ քրտնաջան աշխատանքի տրամաբանական արդյունքն է։ Ուրախ ենք, որ նա միացավ մեզ և սպասում ենք արդյունավետ ու վառ խաղի»,- նշել է «Ակրոնի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Կլյուշևը։
Ակումբի սպորտային տնօրեն Ալեքսեյ Բուրտովոյն իր հերթին ընդգծել է հայ ֆուտբոլիստի խաղային որակները․
«Կառլենը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն ազգային հավաքականի մեկնարկային կազմում է խաղում։ Նա արագաշարժ ու տեխնիկապես գրագետ կիսապաշտպան է, ով կարողանում է կառավարել թիմի խաղը դաշտի կենտրոնում։ Այս տրանսֆերը հիանալի տեղավորվում է մեր ակումբի ռազմավարության մեջ, որտեղ շեշտը դրվում է երիտասարդ տաղանդների վրա։ Կարևոր է նաև, որ ֆուտբոլիստն ազատ տիրապետում է ռուսերենին և լեգեոներ չի համարվում, ինչը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտա կազմի ընտրության հարցում»։
Նշվում է, որ Հովհաննիսյանն արդեն միացել է նոր թիմին։
Հետևեք մեզ՝ այստեղ



