Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
ПОЛИТИКАՎանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է իր ծառայողական շենքում տարածք տրամադրել այնպիսի ներկայացուցչության ստեղծման համար, որը տեղում կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում ձևավորվող տնտեսական կապերն ու առևտրային հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան։
«Կարգավորման գործընթացի արդյունքում առաջացող տնտեսական հարաբերությունները, համակարգումը և առևտրային հարցերը տեղում կառավարելու համար մենք Վանում համապատասխան ներկայացուցչության ստեղծումը դիտարկում ենք որպես ռազմավարական անհրաժեշտություն։
Որպես Վանի առևտրի և արդյունաբերության պալատ՝ մենք նույնիսկ պատրաստ ենք մեր ժամանակակից ծառայողական շենքում տարածք տրամադրել նման ներկայացուցչության ստեղծման համար և այդ ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերել»,-ասել է Թաքվան։
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն ընդգծել է, որ ինքն ու իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում չեն ներկայացնում Թուրքիայի ազգային քաղաքականությունը։ Նրանց նպատակը Վանի և տեղի գործարարների տնտեսական շահերն ու հնարավորությունները ներկայացնելն է։



