Տզի խայթոցից հետո երեխա է մահացել
ОБЩЕСТВОՌուսաստանի Սվերդլովսկի մարզում դատարանը 2 միլիոն ռուբլի փոխհատուցում է սահմանել այն ընտանիքի համար, որի երեխան մահացել էր տզի խայթոցից հետո։ Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել դեռևս 2024 թվականի մայիսին։
Միջադեպի ժամանակ Սրեդնեյրալսկից տղան մոր և ծանոթների խմբի հետ հանգստանում էր «Օլենյի Ռուչի» բնական պարկում։ Զբոսանքի ընթացքում տիզը խայթել էր երեխայի գլխի հատվածում։
Ծնողները նույն օրը երեխային տեղափոխել էին հիվանդանոց։ Բժիշկները հեռացրել էին տիզը և համապատասխան բուժօգնություն ցուցաբերել։ Սակայն մոտ երկու շաբաթ անց տղայի մոտ բարձր ջերմություն էր արձանագրվել, և նա կրկին հոսպիտալացվել էր։ Հետագայում երեխային տեղափոխել էին Սվերդլովսկի մարզային կլինիկական հիվանդանոց, սակայն հունիսին նա մահացել էր։
2025 թվականի հունիսին երեխայի ծնողները դիմել էին Վերխնեպիշմինսկի քաղաքային դատարան՝ բնական պարկի վարչակազմից բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով։
Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերն ու դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մասնակիորեն բավարարել է ծնողների հայցը։ «Օլենյի Ռուչի» բնական պարկից բռնագանձվել է ընդհանուր 2 միլիոն ռուբլի՝ յուրաքանչյուր ծնողին 1-ական միլիոն ռուբլի։ Բացի այդ, պարկը պետք է վճարի ևս 3 հազար ռուբլի պետական տուրք։
Միաժամանակ նշվում է, որ դատարանի որոշումը դեռևս վերջնական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։
Past.am-ը շարունակում է ներկայացնել նման դեպքերը՝ հատկապես այն իրավիճակները, երբ առօրյա զբոսանքը կարող է անսպասելի և ծանր հետևանքներ ունենալ։



